
Բաքվին որևէ կերպ չի հաջողվում միջազգային ընկալում և հայտարար ձևավորել «միջանցքի հարցում, որ Ալիևը փորձում է առաջ մղել 44-օրյա պատերազմից հետո: Դրա պատճառները շատ են, ընդ որում միանգամայն օբյեկտիվ, պայմանավորված այն հանգամանքով, որ «միջանցքի» հարցում որևէ միջազգային կենտրոնի, խոշոր խաղացողի քաղաքականություն և վերաբերմունք կախված է լինելու ավելի լայն ռազմավարական իրողություններից: Այդ իմաստով, «միջանցքային» թեման երկարաժամկետ թեմա է և խոշոր խաղացողները դրան վերաբերում են թերևա այդ կտրվածքով, դա շաղկապելով թերևս արցախյան հարցի հետ, որը ևս երկարաժամկետ թեմա է: Ադրբեջանն էլ, այդ իմաստով թերևս տրամադրված է «երկարաժամկետ» խաղի, «միջանցքը» դիտարկելով խաղաքարտ: Հետևաբար, թերևս որոշակիորեն թյուր է գնահատականը, թե Բաքուն շտապում է «միջանցք» ստանալու հարցում: Բաքուն չի շտապում, Բաքուն պարզապես կառուցում է երկարաժամկետ խաղը, հարաբերական հաջողությամբ:
Մասնավորապես, միջազգային ընկալման հարցում ունենալով խնդիրներ, Ադրբեջանը ցավոք սրտի հաջողել է մեկ այլ հարցում՝ Հայաստանի հանրությանը, հասարակական-քաղաքական շրջանակներին «միջանցքային օրակարգ» պարտադրելու հարցում: Հայաստանը, հայաստանյան-հասարակական քաղաքական կյանքը թերևս պետք է առաջնահերթ դիտարկեր այդ օրակարգի չտրվելը և ավելին, հակառակ օրակարգ ձևավորելը: Սակայն, լիովին հակառակ պատկերն է և «միջանցքային» «դիսկուրսն» ամենից շատ, կամ գուցե ըստ էության եզակիորեն Հայաստանում է: Ընդ որում, որևէ կերպ էական չէ, այդ «դիսկուրսի» համատեքստում որևէ խումբ «միջանցքի» գլխավոր շահառու է կարգում Ռուսաստանին, կամ Թուրքիային, կամ երկուսը միասին, կամ Միացյալ Նահանգներին, Բրիտանիային, թե որևէ մեկին կարգում է այդ հարցում հայ ժողովրդի բարեկամ կամ փրկիչ, դա կարևոր չէ, որովհետև հայկական դիսկուրսը բոլոր դեպքերում հայտնվել է մի օրակարգի «պատանդի» կարգավիճակում, որ ըստ էության թելադրել է Ադրբեջանը՝ Ալիևը:
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի առանցքային դերակատարները՝ լինի իշխանություն, թե դրանից դուրս գտնվող որևէ տարբերակի ընդդիմություն, որոնք ձևավորում են հայաստանյան քաղաքական դիսկուրսն ու օրակարգը կամ պետք է ձևավորեն, այն տարբեր պատճառներով կամ մոտիվներով՝ «տրվել» են Ադրբեջանի խաղին: Գործնականում նույն պատկերն է հասարակական կարծիքի ձևավորման մյուս տիրույթներում: Այլ կերպ ասած, որքան էլ տարօրինակ չհնչի, Բաքվի համար «խաղաքարտը» պահպանվում է առավելապես հայաստանյան հասարակական-քաղաքական «դիսկուրսի» միջոցով, եթե անգամ դրա մասնակիցները համընդհանուր հայտարարում են, որ չի կարող լինել որևէ «միջանցք»: Պետք է փոխել իրավիճակը, Հայաստանը, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքն ու միջավայրը պետք է դադար կամա, թե ակամա լինել ադրբեջանական «խաղաքարտի» «պահպանման խցիկ»: