WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված Էդվարդ Նալբանդյանի նամակը: 2009 թ.-ի հոկտեմբերի 20-ին՝ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից 10 օր անց, ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին այդ օրերին Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուի միջոցով:
WikiLeaks-ը հրապարակել է նամակի տեքստը, որտեղ Նալբանդյանը գրում է. «Ինձ համար մեծ ուրախություն և պատիվ է արտահայտելու իմ գոհունակությունը Պետդեպարտամենտին և անձամբ Ձեզ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ձեր վճռական դերակատարման համար: Կցանկանայի ևս մեկ անգամ Ձեզ շնորհակալություն հայտնել Ցյուրիխում երկկողմ արձանագրությունները ստորագրելու ընթացքում Ձեր կենսական ներդրման համար»:
Է. Նալբանդյանը խնդրել է իր գոհունակությունը փոխանցել փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնին և Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին` արձանագրությունների կապակցությամբ իրենց ջանքերի համար:
Նալբանդյանը նաև գրել է. «Ցյուրիխում վերջին պահին թուրքական կողմի ստեղծած դժվարությունը ցույց տվեց, որ մենք հիմա պետք է ուշադրության կենտրոնում պահենք հարաբերությունների բարելավման հաջորդ փուլերը` կանխելու համար գործընթացը խափանող զարգացումները»:
Նամակում ՀՀ արտգործնախարարը նաև ասել է, որ կողմերը ավելի քան մեկ տարի տարվող աշխատանքներից հետո հասել են հարաբերությունների կարգավորման համար շատ կարևոր, բայց դեռևս շատ փխրուն փուլի և Քլինթոնի աջակցությունը շատ կարևոր է երկու ժողովուրդների հաշտեցման պատմական հնարավորությունը չկորցնելու համար:








































