ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն անցկացվելու են հանրապետության բոլոր մարզերում և ընթանալու ողջ աշնան ընթացքում՝ սկսվելով սեպտեմբերի 21-ի տոնական հանդիսություններով։ Այս մասին հայտնում է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը։
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն ընթանալու են «Հայաստանը դու ես» կարգախոսի ներքո, իսկ տարբերանշանը «2011»-ն է, որի 11 թվերը խորհրդանշական են և նմանեցված են «ՀՀ»-ի տառերին։
Սեպտեմբերի 21-ին ընդառաջ՝ կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ`ցուցահանդեսներ, համերգներ և համաժողովներ: Իսկ անկախության տոնը` սեպտեմբերի 21-ը, կնշանավորվի Հանրապետության հրապարակում անցկացվող զորահանդեսով, կշարունակվի Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելիք «Հանրապետական մաղթանքով», իսկ երեկոյան հրապարակում կկազմակերպվի ձայնալուսային ներկայացում և հրավառություն: Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղ. ղեկ. Է. Թոփչյան), Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. Հ. Չեքիջյան), Հայաստանի Հանրապետության նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը (գեղ. ղեկ. Ա. Պողոսյան) և «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղ. ղեկ. Տ. Հեքեքյան): Օրը կեզրափակվի տոնական դիսկոտեկով: Նույն օրը նշվելու է Երևանի օրը:








































