Այս տարի Հայաստանում հավկիթի արտադրությունը նվազել է միայն ածան թռչունների մորթի պատճառով, իսկ մորթել են, որովհետև անցած տարվա գերարտարության արդյունքում բավականին հավկիթներ պարզապես նետվել են աղբը: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Մաքս կոնցեռնի» (որի կազմի մեջ է մտնում «Լուսակերտի թռչնաֆաբրիկան») սեփականատեր Խաչիկ Մանուկյանը, հավկիթի արտադրության նվազման համար ուրիշ խնդիր չկա:
«Անցած տարի մորթել են շատ, որ լրացուցիչ ավելորդ արտադրությունը վերացնեն: Այլևս ավել չեն արտադրում»,- ասաց Խ. Մանուկյանը:
Հավկիթի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտարարում էին, որ ՀՀ-ն այս ոլորտում ունի ինքնաբավ տնտեսություն: Սակայն այս տարի արդեն շուրջ 10 մլն ձու է ներկրվել: Խ.Մանուկյանի խոսքով՝ դա շատ չի, և ներկրվում է միայն այլընտրանք ապահովելու նպատակով:
«Որպես տեսականի են ներկրում: Մարդ կա, որ Հայաստանի ձու չի ուտում: 10 մլն-ը 400 մլն-ի մեջ շատ քիչ է»,- նկատեց Խ. Մանուկյանը` հավելելով, որ այժմ հավկիթ ներկրվում է հիմնականում Ուկրաինայից: Նախկինում ներկրվում էր նաև Իրանից, բայց հիմա այնտեղ ձվի արտադրությունը նվազել է:








































