Օրեր առաջ ադրբեջանական 1news.az լրատվական կայքը, հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին, գրեց, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգից հանվել են 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Նույն կայքը նաև հաղորդեց, որ դրանք համարվում են իրենց օրինական ուժը կորցրած:Այս մասին «Առաջին լրատվականը» զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ Հայ-թուրքական արձանագրությունները դուրս են եկել Մեջլիսի օրակարգից և կորցրել իրենց իրավական ուժը:
– Այս հարցի վերաբերյալ շատ են ոչ հստակ մեկնաբանությունները և որոշումները: Տեղական, թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները փորձագիտական քննարկումներ են անում՝ գրելով, որ կա քաղաքական որոշում արձանագրությունների հետ կապված:Բայց ընդհանուր առմամբ խնդիրը շատ պարզ է և ընթացակարգային, ինչը սահմանված է Թուրքիայի օրենսդրությամբ, այսինքն՝ զուտ տեխնիկական գործընթաց է:
Այսպիսի նախադեպեր շատ կան Թուրքիայի պրակտիկայում, երբ գործող խորհրդարանը չի հասցրել որոշման գալ որևէ հարցի շուրջ և փոխանցել է հաջորդ գումարման խորհրդարանին, օրինակ`2002 թվականին:
Մենք դեռևս չենք կարող խոսել քաղաքական որոշման մասին: Երբ նորընտիր խորհրդարանը որոշի իր օրակարգը՝Հայ-թուրքական արձանագրությունները չներառելով օրակարգում, արդեն կլինի քաղաքական որոշում, որին Հայաստանի կառավարությունը ստիպված կլինի իր համապատասխան քայլերն անել:
Ի դեպ, նշեմ, որ խորհրդարանից ետ են կանչվել 898 օրինագիծ և որոշում, որոնցից արձանագրությունները միայն երկուսն են:
Պետք չէ շեշտադրություն անել միայն Հայ-թուրքական արձանագրությունների վրա քաղաքական ենթատեքստով, ուղղակի ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները առաջին պլան դրեցին արձանագրությունները:
Ես չեմ կարծում, որ ներկայիս Թուրքիայի կառավարության համար արձանագրություններն ամենաառաջնային կարևորության խնդիրն են,այնտեղ կան շատ ավելի լուրջ խնդիրներ: Թուրքիայի քաղաքական օրակարգը հագեցած է այդ խնդիրներով:
Նաև կարծում եմ, որ նախորդ գումարման խորհրդարանը և 24-րդ խորհրդարանը չեն տարբերվում, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի դեմ վարած քաղաքականության ուղեգծի մեջ փոփոխություն չի լինի:








































