Ըստ մամուլի տեղեկությունների չարթերային թռիչքով Ռուսաստանից հայերի են բերում, որպեսզի մասնակցեն Երևանում ընթացող ընդդիմության երթերին, ցույցերին, հանրահավաքներին: «Առաջին լրատվական»-ը փորձել է այս տեղեկատվությունը ճշտել Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանից:
«Եթե նման բան լիներ, ես տեղեկություն կունենայի, այս պահին ես նման տեղեկություն չունեմ: Վիզուալ այդպիսի հոսք չի նկատվում»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպիսին է Ռուսաստանի հայերի միության դիրքորոշումը Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, Լուսիկ Ղուկասյանը պատասխանեց. «Ռուսաստանի հայերի միության կողմից այդ կապակցությամբ առաջիկա օրերին հայտարարություն է լինելու: 2018-ից ի վեր մենք աջակցում ենք Հայաստանի պետականությանը, հայ ժողովրդին և Հայաստանի զարգացմանը՝ անկախ նրանից, թե ով է իշխանություն: Մեր դիրքորոշումը միշտ եղել է Հայաստանի հետ, հայ ժողովրդի ու Հայաստանի զարգացման հետ»:
Լուսիկ Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ամերիկացիների, չինացիների հետ բազմաթիվ նախագծեր է իրականացնում է Հայաստանում և մոտ օրերս լինելու է Հայաստանում, որտեղ հանդիպելու է արտասահմանցի գործընկերների հետ:
«Որքան գիտեմ, մոտ օրերին ժամանելու է Հայաստան, արտասահմանցի գործընկերները ևս գալու են: Հենց Հայաստանում էլ Արա Աբրահամյանը իր տեսակետը կհայտնի Հայաստանի վիճակի մասին, կամ էլ մինչ այդ կլինի հայտարարություն»:
Լուսանկարը՝ panorama.am-ի







































