Ինչպես նշում են Կոլումբիայի համալսարանի Երկրագնդի ինստիտուտի գիտնականները, «Էլ-Նինյո» կլիմայական ցիկլը պատճառ է հանդիսացել աշխարհում 21% խոշոր խռովությունների համար` սկսած 1950 թ.-ից: Այն երկու անգամ ավելացնում է տրոպիկական երկրներում նմանատիպ երևույթների առաջացման հնարավորությունը: Սոլոմոն Հսյանգի ղեկավարած խումբը հոդված է հրապարակել Nature ամսագրում, և հսկայական վիճակագրական նյութերի հիման վրա ցույց է տվել ժամանակակից աշխարհում կլիմայական փոփոխությունների և բռնությունների աճի ու սոցիալական հակամարտությունների առաջացման միջև կապը:
Գիտնականները նշել են, որ հետազոտությունների համաձայն՝ շատ քաղաքակրթություններ և մեծ տերություններ անկում են ապրել կլիմայական փոփոխությունների հետևանքով. «Ժամանակակից մարդը կարող է այժմ ասել` լավ, ես դրանից հիմա ապահովված եմ: Սակայն այս հետազոտությունը ցույց է տալիս, որ գլոբալ եղանակային գործընթացները համակարգային ազդեցություն ունեն սոցիալական հակամարտությունների վրա և ուղիղ ազդում են դրանց ընթացքի վրա», գրում են գիտնականները:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է «Էլ-Նինյո» երևույթը, որը հանգեցնում է Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում օդի և ջրի ջերմաստիճանի պարբերաբար բարձրացմանը, ինչի հետևանքով առաջանում են լուրջ կլիմայական փոփոխություններ: Այս երևույթը ազդում է աշխարհի գրեթե 100 երկրների վրա: Գիտնականները ցույց են տվել, որ «Էլ-Նինյոյի» տաքացման փուլերում շեշտակի աճում է քաղաքացիական հուզումների հնարավորությունը, այդ է վկայում նշված երկրների գրեթե կեսդարյա պատմությունը:










































