ՀՀ 2012 թ. բյուջեի շուրջ ներկայում քննարկումներ են ընթանում ճյուղային նախարարությունների հետ՝ դրանց տարեկան բյուջեների վերաբերյալ: Այս մասին «Առաջին լրատվականին» հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Նախարարությունների հետ քննարկումներից հետո փաստաթուղթը կամփոփվի, և 2012 թ. ամբողջական բյուջեն կներկայացվի կառավարությանը, որտեղ քննարկումներից հետո կուղարկվի Ազգային ժողով:
«Ճյուղային նախարարությունները երբ ներկայացնում են իրենց հայտերը, դրանք ամբողջությամբ չեն կարող բավարարվել, քանի որ ծրագրերի ողջ ծավալը չի կարող տեղավորվել բյուջեի մեջ: Փողը միշտ քիչ է»,- ասաց Վ. Արամյանը`հավելելով, որ պետք է զգույշ լինել և չկրկնել ԱՄՆ-ի կամ Ճապոնիայի սխալները:
Փոխնախարարի խոսքով, ընդհանուր քննարկումներ պետք է ընթանան նաև բյուջեի եկամուտների նախատեսվող չափի շուրջ. «Եթե ուզում ենք ավելի շատ ծախս անել, բյուջեի պակասուրդն էլ որոշակիորեն սահմանափակ է պարտք վերցնելու համար, մենք պետք է մի փոքր ավելի շատ ջանք գործադրենք, որպեսզի ավելի շատ հարկ հավաքենք, և ավելի շատ ջանք գործադրենք, որպեսզի լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավենք դոնորներից»:










































