Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ը աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ, որտեղ նա կմասնակցի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակին: Դրա հերթական նիստը տեղի կունենա Հայաստանի և ԱՄՆ արտգործնախարարների գլխավորությամբ: Կլինի նաև Արարատ Միրզոյանի ու Էնթոնի Բլինքենի հանդիպում: Բացի պետքարտուղար Բլինքենից, Արարատ Միրզոյանը հանդիպելու է նաև ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փոուերի հետ, նաև ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի հետ: Արտգործնախարար Միրզոյանի այցն այդ իմաստով բավականին ներկայացուցչական է, իսկ այցի կարևորության մասին խոսելը՝ թերևս ավելորդ: Ի՞նչն է օրակարգային առաջնահերթությունը, մանրամասնված չէ, սակայն կասկածից վեր է, որ բացի Հայաստանի ժողովրդավարական հեռանկարին ամերիկյան աջակցությանն առնչվող հարցերից, անշուշտ առանցքային թեմա է լինելու Արցախի հարցն ու հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցության հեռանկարը, այդ ամենից ածանցվող բազմաթիվ այլ հարցերով: Արտգործնախարարի ամերիկյան այցն ու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հերթական փուլը տեղի է ունենում թե միջազգային բավականին լարված և բոլորին քաջ հայտնի իրադրության պայմաններում, թե նաև արդեն Հայաստանում ներքաղաքական բավականին թեժ իրադրության պարագայում, երբ խորհրդարանական ընդդիմությունը դուրս է եկել խորհրդարանից և հայտարարել անհնազանդության շարժում սկսելու մասին, գործնականում կրկնելով այն մեթոդաբանությունը, որով Հայաստանում տեղի ունեցավ 2018-ի թավշյա հեղափոխությունը:
Ընդ որում, ոչ միայն բացառված չէ, այլ նաև մեծ հավանականությամբ արտաքին ու ներքին ֆոնային այդ պայմաններում սերտորեն փոխկապակցված են միմյանց, պատճառահետևանքային ամուր կապով: Ինչ տրամաբանություն է առանցքում: Այդ իրավիճակը կարող է լինել բավականին հակասական: Հայաստանում մի կողմից փողոց են դուրս եկել ուժեր, որոնց առնվազն առաջնորդող միավորը՝ Հայաստան դաշինքը, իր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ներկայանում է ակտիվ ու այսպես ասած նախաձեռնողական պրոռուսական դիրքից: Սա հիմք է տալիս խոսել այն մասին, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը թեժացնում է Ռուսաստանը: Սակայն հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակով: Այստեղ հնչող պատասխանների շարքում գերակշռում է այն, որ Ռուսաստանն այդպիսով փորձում է խանգարել Հայաստանին արցախյան հարցում գնալ արևմտյան կարգավորման, քանի որ այդ կերպ կկորցնի դիրքերը Արցախում և Կովկասում: Թվում է, որ բավականին ռացիոնալ փաստարկ է:
Մյուս կողմից սակայն, ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը գնացել էր Մոսկվա և Պուտինի հետ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը բոլորովին չէին խոսում այն մասին, որ Հայաստանը մտադիր է գնալ արևմտյան կարգավորման տարբերակով, իսկ Ռուսաստանն արգելում է դա: Հակառակը, Հայաստանին հաջողվել էր համատեղ հայտարարության մեջ ամրագրել ձևակերպումներ, որոնք արտացոլում էին այն նվազագույն ելակետերը, որ անհրաժեշտ է ներկայիս ռազմա-քաղաքական իրադրության պայմաններում: Այդ ամենը զերծ չէ ռիսկերից, սակայն ռիսկերից մեղմ ասած զերծ չէ նաև հակառակ որևէ տարբերակ: Ըստ այդմ, Հայաստանի խնդիրը ներկայումս թերևս ոչ թե այս կամ այն «մետ» կարգավորումն է, այլ հենց որևէ «մետ»-ից մանևրելը, հաշվի առնելով երկու էական հանգամանք. նախ ափազանց անկանխատեսելի է աշխարհաքաղաքական իրադրության հետագա զարգացումը, և միևնույն ժամանակ ներկայիս անկանխատեսելի վիճակում բավականին վտանգավոր է գնալ որևէ «մետ» կարգավորման, երբ բացարձակապես չկա դրա «ժամկետայնության» և իրավա-քաղաքական ամրության որևէ երկարաժամկետ երաշխիք: Այդ պարագայում Հայաստանին մնում է ընդամենը կարողաննալ ապահովել անհրաժեշտ հավասարակշռությունը, և այդ միջոցով ապահովել մի կողմից անվտանգության միջավայրի հնարավորինս կառավարելիությունը, մյուս կողմից՝ խաղի տարածությունը, ձգտելով ժամանակը օգտագործել թե Հյուսիսց, թե Արևմուտքից՝ բարդ պայմաններում առավելագույնը ձեռք բերելու համար:









































