Երևանի փողոցներում մեկնարկած «Դիմադրության» շարժումը, որով խորհրդարանական ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաներ, մեծ հաշվով ունի զարգացման հեռանկարների կամ սցենարների բավականին սահմանափակ շրջանակ: Հռչակված գլխավոր նպատակն ինչպես հայտնի է վարչապետ Փաշինյանի հեռացումն է կամ այլ կերպ ասած՝ իշխանափոխությունը:
Անկասկած է, որ խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն չունի այդ նպատակն իրագործելու համար անհրաժեշտ հասարակական վստահություն ու համակրանք, այլ անգամ հակառակը՝ գործող իշխանության հանդեպ առանձնակի վստահություն ու համակրանք չունեցող հանրային շերտերն անգամ պատրաստ են աջակցել այդ իշխանությանը թեկուզ մի հարցում՝ բացառել նախկին իշխանության վերադարձ: Իսկ փողոցում ու հրապարակում անկասկած նախկին իշխանությունն է, ու գործնականում դա ոչ միայն հնարավոր չէ թաքցնել, այլ ոչ ոք չի էլ թաքցնում: Բայց, չունենալով իշխանափոխության հասարակական ռեսուրս, փողոցային պայքարի դուրս եկած խորհրդարանական ընդդիմությունը թերևս բավարար ռեսուրս ունի անհնազանդության ակցիաների միջոցով ճգնաժամային իրավիճակ ստեղծելու համար: Սա կարող է հանգեցնել թերևս երկու տարբերակի:
Կամ իշխանությունն այդ «դիմադրությանն» ու «անհնազանդությանը» ինչ-որ պահից պատասխանում է ուժով՝ հասարակական կարգն ու պետական բնականոն կյանքը վերականգնելու համար, կամ իշխանությունը որոշակի ժամանակահատված դիտարկելով այդ ամենի դինամիկան, դրա չնվազելու պարագայում գնում է փողոցում գտնվող քաղաքական ուժերի հետ հաղորդակցության ճանապարհով, ինչն էլ կարող է հանգեցնել քաղաքական հանգուցալուծման շուրջ որոշակի համաձայնությունների, թեև՝ դատելով փողոցում գործածվող հռետորաբանությունից, այդպիսի համաձայնության տարբերակ կարող է լինել թերևս միայն նոր արտահերթ ընտրությունը:
Համենայնդեպս, խորհրդարանական ուժերը «վերցրել» են պայքարի մի այնպիսի նշաձող, որտեղ թերևս պետք է կարողանան հասնել նվազագույնն այդպիսի մի «հնչեղ» նշաձողի, այլապես ակցիաները կամ պետք է շարունակվեն անվերջ, կամ որևէ կերպ դադարեցնելը նշանակելու է ոչ թե դրանց, այլ պարզապես դրանք սկսող ընդդիմության ավարտ: Ակցիաների անվերջ շարունակությունը բնականաբար կաթվածահար է անելու Հայաստանը և հղի է լինելու քաղաքացիական բախումների մեծ վտանգով: Այդպիսի վտանգ է առկա նաև այն պարագայում, երբ իշխանությունը որոշի ինչ-որ պահից դիմել անհամաչափ ուժի: Բոլոր դեպքերում, ուժային և բախումնային որևէ հանգուցալուծում թուլացնելու է միմիայն Հայաստանն ու Արցախը: Փոխարենը, կարող են լինել քաղաքական հանգուցալուծումների տարբերակներ, որոնք կարող են նպաստել Հայաստանի և Արցախի քաղաքական դիրքերի ամրացմանը: Հատկապես, որ ներկայումս կա այդ ամրության էական կարիք, դատելով թե աշխարհաքաղաքական իրադրությունից, և թե դրա հայտնի բնույթի ու տրամաբանության համատեքստում ռեգիոնի և մասնավորապես արցախյան հարցի, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ աշխարհաքաղաքական դերակատարների աշխուժությունից: Առկա իրադրությունում Հայաստանի համար ամենից թանկը դառնում է ժամանակը:
Լուսանկարը՝ panorama.am-ի











































