ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այս տարվա մարտին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրյույցում ասել էր, որ Իսպանիայում հանդես եկող Սևիկյան եղբայրները կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը։ «Արսեն Զախարյանին արդեն չենք կարող հրավիրել Հայաստանի հավաքական։ Նա հայտավորված է եղել Ռուսաստանի հավաքականի կազմում, իսկ ֆուտբոլում հնարավոր չէ փոխել քաղաքացիությունը։ Բայց Սևիկյան եղբայրների համար արդեն պայմանավորվել եմ։ Նրանց հոր՝ Նորայր Սևիկյանի հետ արդեն խոսել եմ, նրանք կմիանան Հայաստանի հավաքականին»,- ասել էր Կարեն Գիլոյանը։ 20-ամյա Էդգար Սևիկյանը հանդես է գալիս իսպանական «Լևանտեի» կազմում, իսկ Էրիկ Սևիկյանը՝ «Վալենսիայի» Մ19 թիմի կազմում։ Ուիղ մեկ տարի առաջ ռուսական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Էդգար Սևիկյանը որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Հայ ֆուտբոլիստը ծնվել է Մոսկվայում և «Լոկոմոտիվի» ակադեմիայի սան է։ 2017 թվականին Սևիկյանը բավական բարձր 225 հազար եվրո տրանսֆերային արժեքով տեղափոխվել էր «Լևանտը»։ Սևիկանը ելույթ է ունեցել Ռուսաստանի բոլոր տարիքային հավաքականներում բացի ազգայինից։ Մասնավորապես Ռուսաստանի Մ-20 տարեկանների հավաքականում անցկացնելով 4 հանդիպում Սևիկյանը խփել է 3 գնդակ։
Մ-16 տարեկանների հավաքականի կազմում էլ 12 խաղում խփել է 8 գոլ։ Եվ վերջապես, անցյալ տարի Հայաստանի հավաքականի փոխարեն Էդգար Սևիկյանը նորամուտն էր նշել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, մասնակցելով 4 հանդիպման։ Նախորդ մրցաշրջանում Սևիկյանը նորամուտն էր նշել Իսպանիայի Լա լիգայում։ 12-րդ տուրի «Խետաֆեի» դեմ մրցավեճում հայ կիսապաշտպանը փոխարինման էր դուրս եկել հանդիպման 83-րդ րոպեին։ Նախորդ մրցաշրջանում «Լևանտեի» գլխավոր թիմում Սևիկյանը մասնակցել էր նաև Իսպանիայի գավաթի խաղարկությանը՝ փոխարինման դուրս գալով «Ռասինգ Մուրսիայի» դեմ մրցավեճում։ Սևիկյանը դասվում է «Լևանտեի» ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում և հավանական է, որ մոտ ապագայում հայ ֆուտբոլիստը կամրապնդվի հիմնական թիմում։ Ներկայում նրա տրանսֆերային արժեքը կազմում է 700 հազար եվրո։ Այս տարի Էդգար Սևիկյանը «Լևատնեի» կազմում պաշտոնական որևէ հանդիպման չի մասնակցել։
Թե ինչու Սևիկյանը Հայաստանի ազգային հավաքականին չիմացավ անցյալ տարի դժվար չէ ենթադրել։ «Խետաֆեի» դեմ նորամուտի խաղից հետո հայ ֆուտբոլիւստը հայտվել էր ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում։ «Չէի սպասում, որ հենց «Խետաֆեի» դեմ խաղում կնշեմ նորամուտս: Երբ ինձ հայտավորեցին այս հանդիպմանը, ես շատ ուրախացա: Մինչև վերջին պահը չէի հավատում, որ կնշեմ նորամուտս Լա լիգայում։ Այնուհետև ինքս ինձ ասացի այն, ինչ լինում է Աստծո կամքով է: Ստացվեց այնպես, որ խաղադաշտ մտա: Լիովին հարմարվել եմ Իսպանիային, ինձ այստեղ հարմարավետ եմ զգում: Այստեղ առկա են բոլոր պայմանները, որպեսզի աճես և կատարելագործվես: Լիովին տրվել եմ ֆուտբոլին և ինձ ոչինչ չի շեղում: Իսպանացիները շատ լավ մարդիկ են, իսկ Վալենսիան հանգիստ և ջերմ քաղաք է: Այստեղ միշտ հաճելի եղանակ է: Ես հարմարվեցի, շատ ծանոթներ, ընկերներ ունեմ թիմում: Լեզվի իմացությունը շատ օգնեց: Ես այս ընթացքում արդեն հասցրել եմ հարմարվել Իսպանիային և իսպաներեն սովորել: Չեմ մտածում ապագային և չեմ մտածում այն մասին որտեղ կլինեմ 2-3 տարի հետո։ Սխալ կլինի չեղվել իրականությունից: Խետք է քրտնաջան աշխատեմ ու կատարելագործեմ որակներս, որպեսզի ապագաս ստացի և կայանամ որպես բարձրակարգ ֆուտբոլիստ: Չեմ տիրապետում այնպիսի որակների, որպեսզի իմանամ՝ ինչ կլինի ինձ հետ 2-3 տարի հետո: Բայց գիտեմ, որ ամեն օր պետք է ներդնել ամբողջ ուժերը, որպեսզի ամեն ինչ լավ լինի»,- sport24 պարբերականին տված հարցազրույցում ասել էր Սևիկյանը։
Կարճ ժամանակ անց նա հրավեր ստացավ Ռուսաստանի երիտասարդական հավաքականից և բացվեց լայն հեռանկար հայտնվելու այս երկրի ազգային թիմում։ Այսօր Ռուսաստանի բոլոր հավաքականները զրկված են ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ Այս պահին Էդգար Սևիկյանի համար Հայաստանի հավաքականում խաղալը կարելի է համարել այլընտրանքային տարբերակ։ Չմոռանանք, որ նա հանդիսանում ՌԴ քաղաքացի։ Էդգար Սևիկյանի կիտսեր եղբայրը՝ 19-ամյա Էրիկ Սևիկյանը ելույթ է ունենում «Վալենսիայի» Մ19 տարեկանների թիմում և չի խաղացել Ռուսաստանի որևէ հավաքականում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Սևիկյան եղբայրների Հայաստանի հավաքականում խաղալու վերաբերյալ դեռևս որևէ հայտարարություն չի արել։








































