Ռուսական նավթային ընկերություններին չի թույլատրվի մասնակցել Լիբիայում աշխատանքների վերսկսմանը, իսկ ՆԱՏՕ-ին հաջողվում է տապալել Մուամար Քադաֆիի ռեժիմը. հայտնում է Reuters-ը` հղում անելով ռուս-լիբիական գործնական խմբի ղեկավար Արամ Շեգունցի հրապարակմանը:
«Մենք Լիբիան վերջնականապես կորցրեցինք: Մեզ կանաչ լույս չեն տա, և եթե որևէ մեկը այլ կերպ է մտածում` դա խաբեություն է»,- ասել է նա Reuters-ին:
Իրենց հերթին ապստամբները, որոնք ամբողջությամբ վերցրել են Լիբիան իրենց հսկողության տակ, ռուսական ընկերություններին հայտնել են, որ կարող են նրանց զրկել երկրի նավթային հանքեր մուտք գործելուց: Ապստամբները հայտնում են, որ Ռուսաստանը իրենց բավարար օգնություն չի տրամադրել Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարի ժամանակ:
«Մենք Արևմտյան երկրների ընկերությունների հետ խնդիրներ չունենք, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Սակայն մենք հնարավոր է` ունենանք որոշ վիճելի քաղաքական հարցեր` Ռուսաստանի, Չինաստանի և Բրազիլիայի հետ»,- մեջբերում է Reuters-ը AGOCO լիբիական ապստամբների նավթային ընկերության տեղեկատվության մենեջեր Աբդելյալիլյա Մայուֆայի խոսքերը:
AGOCO ընկերությունը երկուշաբթի հայտարարել է, որ տեխնիկապես արդեն պատրաստ է սկսել նավթի արդյունահանումը երկու հանքերից: Ինչպես իր հերթին նշում էր Լիբիայի նավթի հումքի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչը, երկիրը կարող է վերականգնել նավթի արդյունահանումը մի քանի ամսվա ընթացքում, իսկ 18 ամիս հետո ծրագրում է վերադարձնել երկրի նավթի արդյունահանման ծավալները մինչպատերազմական մակարդակին:
Լիբիան արդեն հայտարարել է ՌԴ ընկերությունների հետ պայմանագրերի հնարավոր վերանայման մասին: Այսպես, ապրիլի սկզբին Լիբիայի էներգետիկայի նախկին նախարար Օմար Ֆատի Բեն Շատվանը, որը փախել էր Մալթա ձկնորսական նավով, հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը զրկվել են Լիբիայում նավթի և գազի հանքերի արդյունահամանը մասնակցելու հեռանկարից, քանի որ չեն աջակցել այդ երկրի ապստամբներին:








































