Լիբիական ռեժիմի կրկնությունը Սիրիայում աղետալի հետևանքներ կունենա սիրիահայերի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն, արաբագետ Սուրեն Մանուկյանը` տեղեկացնելով, որ Սիրիայում ապրում է մոտավորապես հարյուր հազար հայ, ովքեր Ասադի իշխանության կողմնակիցներն են:
«Լիբիան, ի տարբերություն Թունիսի և Եգիպտոսի, դիմադրեց ընդդիմության՝ Քադաֆիի վարչակարգը վերացնելու պահանջին, և երկրորդ` միջազգային միջամտությանը»,- նշեց արաբագետը` հավելելով, որ Քադաֆին բավական դիմադրեց, և նրա ուժերն անսպառ չեն:
«Փաստ է, որ Տրիպոլիի անկումով Լիբիայում մնում է երկու խոշոր կենտրոն՝ Քադաֆիի տիրապետության տակ, որոնք Քադաֆին չի պահի իր ձեռքում: Նրա դիմադրությունը շատերի համար անհաղթահարելի կլիներ»,- մեկնաբանեց Ս. Մանուկյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Լիբիան շեյխերի և ցեղապետերի երկիր է, որոնք երկրում քաղաքական ազդեցություն ունեն, սակայն, նրա կարծիքով, զարմանալին այն է, որ այսօր այդ ցեղապետերը չեզոքություն են ցուցաբերում: «Լիբիայի հարցը շատ լուրջ է, և նոր իշխանության համար շատ դժվար է լինելու, քանի որ պետք է իր քաղաքականությունը համաձայնեցնի ցեղապետերի և ընդդիմության տարբեր ճյուղավորումների հետ»,- հավելեց արաբագետը:
Ս. Մանուկյանը հնարավոր է համարում լիբիական հաջողված ռեժիմի շարունակությունը Սիրիայում, որը կհանգեցնի տարածաշրջանային աղետի:










































