Ճապոնիայի կառավարությունը բողոքի նոտա է հղել Ուկրաինային՝ կապված անցած շաբաթվա վերջին Ուկրաինայի կառավարության հրապարակած տեսանյութի հետ, որում Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն համեմատվում էր Գերմանիայի և Իտալիայի բռնապետներ Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետ։ Այս մասին երկուշաբթի կայացած հերթական ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոսիհիկո Իսոզակին. «Կայսրին Հիտլերին և Մուսոլինիին հավասարեցնելը լիովին սխալ է և արժանի խորը ափսոսանքի:
Ուկրաինայում Ճապոնիայի դեսպանատան միջոցով դիմում ենք ներկայացրել Ուկրաինայի կառավարությանը՝ պահանջելով հեռացնել տեսանյութը»,- ասել է նա: Իսոզակին ընդգծել է, որ, ի պատասխան, ուկրաինական կողմն արդեն ներողություն է խնդրել և հեռացրել տեսանյութը։