Ճամբարակի շրջանում անասունների դաբաղ հիվանդություն չկա: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը: Ըստ նրա՝ դաբաղը վիրուսային հիվանդություն է և տարածված է Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում:
Գ. Բաղյանը նշեց, որ ՀՀ ողջ տարածքում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ, կա բուֆերային գոտի՝ Մեղրիից մինչև Աշոցք, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզը: Փոխնախարարն ընդունեց, որ Ճամբարակի շրջանում անասունների անկման դեպքեր եղել են, սակայն պնդեց, որ դրանք դաբաղից չեն եղել: Նրա խոսքով, կատարվել են լաբորատոր հետազոտություններ, և դաբաղը հերքվել է:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե այդ դեպքում անասունների անկումն ինչի՞ց է եղել, և արդյոք նախատեսվո՞ւմ է փոխհատուցում հատկացնել, Գ. Բաղյանը պատասխանեց, որ, օրինակ, Գետիկ գյուղում արյան պարազիտային հիվանդություն է եղել, Վահան գյուղում՝ էմկար հիվանդություն, իսկ փոխհատուցման խնդիր դրված չէ:









































