Թուրքական Taraf թերթը, որը Թուրքիայում ունի ամենասարսափահարույց թերթի համբավ, մարտի կեսերին WikiLeaks սկանդալային կայքի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հրապարակել է Թուրքիային առնչվող 11.000 հաղորդագրություններից հերթական փաստաթուղթը։ Այն թվագրված է մարտի 25-ին և առնչվում է «քրդական հարց»-ին։
Փաստաթուղթը կազմել է Ադանայում գտնվող ԱՄՆ հյուպատոսությունը, որն էլ Անկարայում նստող ԱՄՆ դեսպանն ուղարկել է Վաշինգտոն։ Փաստաթղթում նշված է, որ քրդերը փնտրտուքի մեջ են, թե ով կարող է լինել իրենց Աթաթուրքը (քրդական պետության ստեղծման նպատակով)։
Այդ պլանում նշվում են դիարբեքիրցի փաստաբան Թահի Էլչիի, Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի, քաղաքական առաջնորդ և իրավապաշտպան Շերաֆեթթին Էլչիի, «Դեմոկրատական հասարակություն» պլատֆորմի առաջնորդ Ահմեդ Թուրքի անունները։
Հիշեցնենք, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է։









































