«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Համանման կարգավորում է նախատեսվում ներդնել նաև «Պետական սահմանի մասին» օրենքում:
Խնդիրն այն է, որ գործող իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով ՀՀ սահմանը հատելու հետ կապված գործնական խնդիրները: Արդյունքում՝ լիզինգառուն ցանկացած պահի կարող է լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել ՀՀ սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը:








































