Լյուբլինի դատարանը դատավճիռ է կայացրել 2020թ. հայերի վրա հարձակում գործած 7 ադրբեջանցիների նկատմամբ: Մասնավորապես, դատարանը նրանցից 4-ին դատապարտել է 2 տարի 8 ամիս ազատազրկման` խիստ ռեժիմի պայմաններում: Եվս երկուսը դատապարտվել են 2 տարի 8 ամիս ազատազրկման: Հիշեցնենք, 2020թ. հուլիսին Մոսկվայում մի քանի անձիք դիմակներով և զինված հարձակվել էին հայկական համարանիշներով ավտոմեքենաների վրա:
Ռուսաստանի ՄԻՊ-ի նախկին խորհրդական, փորձագետ Արբակ Խաչատրյանը նման որոշման նախադեպ չի հիշում։ Մեր զրուցակիցը համարում է, որ այստեղ կա ավելի գլոբալ, քաղաքական ենթատեքստ․«Կոնկրետ դատական գործին անոթ չեմ, բայց պետք է իրադարձություններին հերթականությամբ նայենք։ Ես ասել եմ ձեզ հետ հարցազրույցում, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինի համար «ջեքփոթ» էր․․․ նայեք իրադարձություններին այդ շղթայով, արդյունքն էլ հիմա տեսնում եք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մանրամասնելով իր միտքը Արբակ Խաչատրյանն ասաց․«Այսօր Ռուսաստանին ճանաչել որպես խաղաղապահ երկիր և՛ ռիսկի խնդիր է պահանջում, և՛ որոշակի հնարամտություն։ Փաստորեն Հայաստանը միակ երկիրն է, որ Ռուսաստանի հանդեպ նման մոտեցում ունի և այսպիսի որոշումները ես պատահական չեմ համարում։ Կրկնում եմ՝ ամբողջ աշխարհը Ռուսաստանին ճանաչում է որպես «իզգոյ», իսկ այդ մարդն ասում է, որ մեր պատերազմը կանգնեցրել է Ռուսաստանը։ Բրյուսելում նման բառ ասաց, դրանից հետո թռավ Մոսկվա, հետևությունները թողնում եմ ձեզ։
Արբակ Խաչատրյանի խոսքերով՝ Բրյուսելում և Մոսկվայում հստակ հասկանում են Փաշինյանի քայլերը․ «Ես օրինակ նման նախադեպ Ռուսաստանում չեմ հիշում։ Դատարանը ինչու՞ պետք է նման խիստ պատժաչափ ընդուներ։ Սա մեծ քաղաքականության մի մաս է, հարցերը պետք է ավելի գլոբալ դիտարկենք։ Վարչապետի հավատարմությունը Ռուսաստանին առանձնահատկություն է ու այս իրավիճակում նորություն։ Լոպազ չեն խոսում, փողերն ու ունեցվածքը տանում Եվրոպա, հստակ քաղաքականություն են վարում»։









































