«Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսին, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, նշեց, որ ինքն այն քաղաքական գործիչներից է, որ ցանկացած երկխոսություն-բանավեճ գերադասում է առճակատումից, ավելին՝ հիշեցրեց, որ մեր 20-ամյա անկախ պատմության ընթացքում շատ են եղել անպտուղ առճակատումները. «Հետևաբար ողջունում եմ այս երկխոսությունը՝ որպես հանրային կյանքում նոր մշակույթ»։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, բանախոսը նշեց, որ քաղաքականության մեջ ոչինչ հնարավոր չէ բացառել, սակայն ներկա պահին դրա համար ո՛չ քաղաքական, ո՛չ սոցիալ-տնտեսական, ո՛չ էլ բարոյահոգեբանական նախադրյալներ կան։
Նա ընդգծեց, որ ընթերցել է ՀԱԿ-ի 85 էջանոց հիմնավորումներն արտահերթ ընտրությունների վերաբերյալ, որտեղ, ըստ նրա, հիմնական շեշտը դրված է լեգիտիմության՝ իշխանության ձևավորման օրինական գործընթացի վրա և ավելացրեց, որ այդ դիրքորոշումը խոցելի է՝ միաժամանակ նկատելով, որ պետք է տարբերենք լեգալությունը լեգիտիմությունից։ Լեգալությունը իշխանության ձևավորման գնահատականն է, և այս առումով Սերժ Սարգսյանը խնդիր չունի։
«Այսինքն՝ ձևավորման տեսակետից շատ օրինական է, բայց գործելաոճով կարող է չբավարարել հասարակության նույնիսկ փոքր մասերի սպասելիքները, և՝ ճիշտ հակառակը»։
Ըստ Հարությունյանի՝ Արևելյան Եվրոպայի երկրներում երկրորդը անհամեմատ տարածված երևույթ է։
Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, նշեց, որ միջազգային հանրությունը եթե 6 տարի առաջ հիմնական շեշտը չէր դնում Արցախի ինքնորոշման հիմնախնդրի վրա, ապա այսօր կարևորում է այդ հարցը, իսկ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները, սակայն այս դեպքում, Խոսրով Հարությունյանի համոզմամբ, նա ձեռնոց է նետում ոչ թե Ղարաբաղին, Հայաստանին, այլ միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը մեծ ջանքեր կգործադրի խաղաղությունը պահպանելու համար, քանի որ նա է համարվում Հարավային Կովկասում խաղաղության հիմնական երաշխավորը։









































