ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այն, որ Հայաստանը իր ու Արցախի անվտանգության հարցով միջազգային հանրության մեջ բարեկամներ չի ունեցել, ավելի ստույգ’ այդ բարեկամները’ հեռու և մոտ, այդքան էլ չեն մտածել հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի անվտանգության մասին, դա գիտեինք։ Այն որ այդպիսի բարեկամաընկերական շրջապատը եղել է Հայաստանի նախկին իշխանությունների թողած «ժառանգությունը», դա էլ գիտեինք։ Բայց ո՞ւր են 4 տարիներին Հայաստանի համար ստեղծված բարեկամները: Դա ով պետք է ստեղծեր, եթե ոչ առաջին հերթին իշխանությունը, յուր պատգամավորական կորպուսը, ապաև’ ընդդիմությունը։ Քանի տարի է խոսում ենք, որ դա է քաղաքական գործիչների առաքելությունը, ոչ թե կոճակ սեղմելը այս կամ այն կողմից։ Քանի ընտրություն ու անգամ է բացատրում ենք, թե ինչպես պետք է ստեղծվի քաղաքականության մեքենան, որն Ադրբեջանն ստեղծել է։ Արդեն համոզվում եմ, որ չեն էլ հասկանում այն լեզուն, որով խոսում ենք։ Իշխանությունը չի կարող տեղավորվել միայն լոյալության ու վստահության հենքի վրա։ Լավ, առաջին կես տարին, մեկ տարին մի կերպ հասկացանք։ Բա մնացա՞ծը: Կառավարությունում, պառլամենտում, բոլոր մակարդակներում լոյալ լինեն… Բա գործն ինչպես ու ով անի, եթե կադրի միակ արժանիքը սոսկ ու բացառապես վստահելի ու լոյալ լինելն է։ Քանի՞ անգամ թե շատ նախկինում, թե այժմ մի պարզ ցուցանիշ եմ առաջարկել. թե նախկին, թե ներկա իշխանության լոյալներից քանիսն են քաղաքական գործիչ, առաջնորդ, ունակ համոզելու 10, 20, 1000, 2000 մարդու: Սեփական անձով, խոսքով, ոչ թե առաջնորդի ստվերով, վարչական ռեսուրսով։ Այ, երբ կհաշվեք այդ թվերը, կիմանաք, թե ինչու ենք միջազգային հանրության մեջ մենք տկար… Ու կարիք չկա գոնե իմ նման մարդկանց անընդհատ ու քանի տարի ասել’ բա նախկինում… բա նախկինները… Նրանց ուղնուծուծով գիտենք, դուք համոզելու կարիք, մենք էլ անհրաժեշտությունը չունենք, մեր հարցն այլ է’ իսկ ինչ արվեց ու չարվեց անցած տարիներին իրավիճակ փոխելու, խնդրի դրվածքն ու քաղաքականությունը, հանրային ու միջազգային վերաբերմունքը փոխելու, մեր բարեկամների թիվն ավելացնելու համար։ Ոչինչ չփոխել ու նեղվել, որ ոչինչ չի՞ փոխվել: Մենք դա ենք սպասել, ոչ թե անցյալի բացատրություններ ու դրանով ապագայի եւ ներկայի աղետների հիմնավորում…
Կգիտակցե՞ք արդյոք այս ամենը: Արդեն վստահ չեմ…
Ու մեկ մեկ էլ բացատրության տեքստեր գրելիս ի նկատի ունեցեք’ ինչպես է դա կարդում ձեր ժողովուրդը, ինչպես է կարդում Ալիևը։ Ցավոք երկուսի ընթերցումն էլ ձեր ու պետության օգտին չէ…






































