Թեև ռուս-ուկրաինական պատերազմի հենց առաջին օրերից Հայաստան էին գալիս և շարունակում են գալ ռուաստանցի գործարարներ, IT ոլորտի աշխատակիցներ, հայ գործարարները Ռուսաստանից ցանկություն չունեն վերադառնալու և Հայաստանում ներդրում անելու:
Ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ պարադոքս է, որ հայերը չեն գալիս, ռուսներն են գալիս Հայաստան, պատճառը նախկին իշխանություններից հիասթափությունն է. «Սերժից ու Ռոբերտից բոլորը հիասթափվել են, դրա համար չեն գալիս: Բայց ռուսներ դեռ էլի են գալու: Իսկ հայերն, այսպես, թե այնպես, արդեն շատ են Ռուսաստանում, պետք չի որ գան, թող մնան հայրենիքում, իրենց գործով զբաղվեն, գործարաններն աշխատեցնեն»,-ասաց Մարկոսը՝ հավելելով, որ ինքն էլ էր ուզում գալ Հայաստան, ներդրումներ անել, գործունեություն ծավալել, բայց քանի որ այդպես որևէ տեղաշարժ չկա իր գործի հետ կապված, չի շտապում: Նրա խոսքով՝ նախկիններն այդպես էլ անպատիժ մնացին, կատարած թալանի, հանցագործությունների համար այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին.
«Զգուշացնում եմ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Տիգրան Սարգսյան, վերադարձրեք թալանածը: Ես նամակ գրեցի Նիկոլ Փաշինյանին, տեղեկացրի, թե ինչպես են ինձ թալանել, թե ինչ ակնկալիքներ ունեմ ես Հայաստանի արդարադատությունից, բայց մինչև այս պահը որևէ արձագանք չկա։ Ես դեռ սպասում եմ արդարադատությանը։ Ես հիմա զգուշացնում եմ՝ եթե այսքանից հետո էլ ինձնից թալանածները չվերադարձնեն ինձ, նշանակում է չկա պետություն, չկա արդարադատություն չկա։ Բազմիցս զգուշացրել եմ, որ իմ ունեցվածքը զավթել են նախկին ղեկավարները՝ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը։ Իսկ մինչև մարդկանցից թալանածը չվերադարձնեն, ինչպես նախկինում եմ կրկնել, Հայաստանում ներդրումներ չեն լինի»,-հավելեց նա։
Իսկ թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել հայ գործարարները, օրինակ, սննդի օբյեկտներ բացելով ՌԴ-ում և տեղական արտադրանքին զարկ տալով, նա նշեց, որ դա շատ իրատեսական է. «Այո, կարող են գալ, սննդի ցանցեր բացել Ռուսաստանի շուկայում, ագրոպարենային ոլորտը զարգացնել: Ի դեպ, այդ ոլորտում համարյա կեսը հայերն են, որոնք ունեն սրճարաններ, ռեստորաններ: Մոսկվայի կենտրոնում չեն կարող, բայց Մոսկվայի մարզում կարող են նման գործունեություն ծավալել: Մոսկվայի ներսում դա բավականին թանկ է»:
Թեև ռուբլին արժեզրկվել է, սակայն, գործարարի խոսքով, գործարարները Ռուսաստանում շատ չեն տուժել, քանի որ Ռուսաստանի կառավարությունն այդ ուղղությամբ ձեռնարկում է քայլեր և գոհացնում գործարարներին:
Հիշեցնենք, որ Լևոն Մարկոսը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բազմիցս նշել է, որ 2000-ականների սկզբին Սերժ Սարգսյանն անձամբ մի քանի անգամ Մոսկվա է գնացել՝ իրեն հասցեագրած առաջարկով, այն է՝ ձեռք բերել Հայաստանի մի շարք գործարաններ, ձեռնարկություններ, ֆաբրիկաներ և այլ արդյունաբերական օբյեկտներ, որոնք այն ժամանակ փաստացի արդեն «խորտակվել էին» ու տնտեսական ոչ մի հետաքրքրություն չէին ներկայացնում: Լևոն Մարկոսին համոզել են գնել սնանկություն ապրող «Կրեդիտ-Երևան» բանկը, նա ներդրել է 17 միլիոն դոլարի հասնող կայունացնող գրավ, դարձել բանկի սեփականատեր, սակայն պարզվել է, որ բանկն արդեն սնանկացած էր:








































