Երևան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոն, որը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի այցը առավել մեծ ուշադրության արժանացավ օրեր առաջ Հայաստանի արտգործնախարարի մոսկովյան այցի ֆոնին, որի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարեց, թե Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, ելնելով «ռուսոֆոբ» մոտեցումներից: Գործնականում, Մինսկի խմբի համանախագահությունը չի աշխատում թերևս մի քանի ամիս:
Դեռևս նախորդ աշնանը խոսք չկար համանախագահների ռեգիոնալ այցի մասին, որը, ի դեպ, ազդարարեց հենց Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ ԳԱ շրջանակում սեպտեմբերի վերջին տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո, որ տեղի ունեցավ համանախագահների միջնորդությամբ: Սակայն, թե դրանից հետո, թե նաև նոյեմբերի սկզբին Ֆրանսիայում տեղի ունեցած, փաստացի համանախագահների ձևաչափի ներքո վերջին հանդիպումից հետո ռեգիոնալ այց չկա: Թե ինչու չկա այդ այցը, որ ազդարարվել էր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր ամերիկացի համանախագահի հետ հանդիպմանը: Էնդրյու Շոֆերը Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պատվիրակության հետ, որը Կովկաս էր այցելել ռեգիոնալ այցով: Թե ինչ էր պատասխանել Շոֆերը Նիկոլ Փաշինյանին այդպես էլ պարզ չեղավ: Եղան ոչ պաշտոնական խոսակցություններ, որ այցի խոչընդոտը Ադրբեջանն է, որը պահանջում է, որ համանախագահները Արցախ մեկնելիս անցնեն Ադրբեջանով, իսկ Հայաստանը դեմ է այդ մոտեցմանը: Իհարկե, այն ժամանակ նաև կարծիք արտահայտեցի, որ, եթե այցին խոչընդոտում է Ադրբեջանը, ապա առավելապես թերևս օգտվելով այն անհամաձայնություններից, որ խորանում են համանախագահների միջև, ելնելով աշխարհաքաղաքական լայն իրողություններից:
Այժմ այդ մեղմ ասած անհամաձայնությունները հասել են պատերազմական գագաթնակետի, որ դրսևորվում է Ուկրաինայում: Մյուս կողմից, հարց է առաջանում, թե ինչի՞ կարող են հասնել համանախագահ երկրները, եթե աշխատում են առանձին-առանձին, հատկապես այն պարագայում, երբ նրանք ի վիճակի են զգալիորեն խանգարել միմյանց՝ որևէ նպատակի հասնելու հարցում: Սակայն, կա մեկ այլ հարց, իսկ արդյոք համանախագահները իրապես շահագրգռված են Կովկասում, մասնավորապես արցախյան հարցում գործնական որևէ արդյունքի հասնելու գործում: Սա թերևս առանցքային հարցն է, որի տեսանելի, շոշափելի, կայուն պատասխան գոյություն չունի, և թերևս չի ունենա, քանի դեռ տեսանելի չէ Ուկրաինայում տեղի ունեցողի որևէ միջանկյալ հանգրվան:
Այն, ինչ ծավալվում է Ուկրաինայում, վճռում է աշխարհակարգային նշանակության հարցեր: Քանի դեռ այդ հարցերը լուծված չեն և դրանց վերաբերյալ չկան թեկուզ լռելյայն միջանկյալ համաձայնություններ, թերևս անհույս է մտածել, թե համանախագահության ձևաչափը կարող է աշխատել որպես այդպիսին: Հետևաբար Երևանին անհրաժեշտ է համանախագահների հետ առանձին աշխատանքի արդյունավետ մոդելի մշակում և իրացում, չունենալով համանախագահության գործնականության առնչությամբ պատրանքներ, միաժամանակ իհարկե ժամանակից շուտ հրաժեշտ չտալով համանախագահության ձևաչափին: Պարզապես անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այն «կախված» է, իսկ «ռեսթարթի» կոճակը ամենևին մեր ձեռքում չէ, հետևաբար մեզ պետք է ադապտացվել զուգահեռ գործընթացներին:









































