Անդրադառնալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովից հայ-թուրքական արձանագրությունների՝ օրակարգից դուրս հանելուն՝ թուրքագետ Արտակ Շաքարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց. «Ամբողջ իրադարձությունը կապված չէ զուտ հայ-թուրքական արձանագրությունների հետ, դրանք պարզապես, ի թիվս այլոց, հետ են կանչվել, ուստի սրա տակ փնտրել թուրք դիվանագիտության գաղտնի ծրագրերը, կարծում եմ, այնքան էլ իրատեսական չէ»։
Նրա խոսքով՝ Թուրքիայի համար հայ-թուրքական արձանագրությունները առաջնային չեն. «Հստակորեն այսօր Թուրքիայի համար կա քրդական խնդիրը, սիրական խնդիրը, այսինքն՝ տարածաշրջանային այս արտաքին քաղաքական խնդիրների լույսի ներքո հայ-թուրքական խնդիրը հետին պլան է մղվել։ Բացի այս, Անկարան միշտ էլ հստակ նշել է, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը հնարավոր է միայն այն զուգակցելով արցախյան հիմնահարցում առաջընթացին, իսկ Թուրքիան դեռևս նման առաջընթաց չի տեսնում, ուստի, եթե միջազգային խոշոր ուժերի կողմից հստակ ճնշումներ չլինեն Անկարայի վրա՝ հայ-թուրքական հարաբերություններում աշխուժացում մտցնելու առումով, ապա առաջիկայում այդ հարաբերությունները այսպես թե այնպես որևէ ակտիվացում չեն ունենա։ Միայն պատգամավորներից որևէ մեկը կարող է որպես խաղաքարտ օգտագործել արձանագրությունները՝ կրկին ներկայացնելով խորհրդարան»։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում, Ա. Շաքարյանը նշեց. «Ես միշտ մեզ քննադատում եմ արձագանքող քաղաքականության համար, էական է, որ մեր քայլերը չլինեն ի պատասխան Թուրքիայի այս կամ այն քայլին։ Դա միջազգային ասպարեզում մեր վարկանիշի անկում է արձանագրում։ Պետք չէ ուռճացնել, սա բյուրոկրատական նշույլ է, երեկվա քայլլը պարզապես վարչական քայլ էր»։
Ինչ վերաբերում է ստորագրությունների հետ վերցնելուն, ապա, ըստ թուրքագետի, ստորագրությունների հետ վերցնելը մի խաղաթուղթ է մեր ձեռքին, որը մենք կարող ենք օգտագործել արտաքին քաղաքական այս կամ այն իրավիճակում.
«Եթե Թուրքիան հետ չվերցնի ստորագրությունները, և առաջինը դա անի Հայաստանը, ապա Անկարան դա հաստատ կօգտագործի միջազգային ասպարեզում մեզնից շատ ավելի լավ, որ ահա հայերը հետ քայլ են անում։ Պետք է սպասել և քննարկել այն պահը, երբ արձանագրությունների հետ վերցնելը ավելի ձեռնտու կլինի մեզ, եկեք հաշվարկենք ու գործենք ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի, այլ հանուն մեր շահերի»։
Թուրքագետը նաև հավելեց, որ հայ-թուրքական արձանագրությունները Օբամայի կաբինետի մտահղացումն էին, որը տապալվեցին. «Եվ նույն Քլինթոնի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Վաշինգթոնը դեռ փորձում է ինչ-ինչ լծակներ աշխատեցնել և գոնե ձևական առաջընթացի հասնել հայ-թուրքական հարաբերություններում՝ գրանցելով դա իրենց արտաքին քաղաքական հաջողությունների մեջ, բայց հաշվի առնելով Թուրքիայի չնվազող կարևորությունը Իրաքում, Աֆղանստանում և արդեն Սիրիայում՝ կարծում եմ, որ ավելի շուտ նրանք կհասնեն համաձայնության քրդական խնդրում, քան հայկական»։
Ըստ Ա. Շաքարյանի՝ արևելյան դիվանագիւտության մեջ թիվ մեկ ռազմավարությունը ձգձգելու մարտավարությունն է. «Արևելյան երկիրը միշտ ձգձգում է հարցի լուծումը մինչ այն պահը, երբ, ըստ իր հաշվարկների, առավել հավանական է իր հաղթանակը, ուստի հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան կանի ամեն ինչ՝ չսպանելու պրոցեսը»։








































