ԱՄՆ-ը հինգշաբթի օրը կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, որը կազդի ինչպես անհատների, այնպես էլ տարբեր կառույցների վրա, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք՝ Միացյալ Նահանգները, վաղը կհայտարարենք պատժամիջոցների փաթեթի մասին, որը վերաբերում է և՛ քաղաքական գործիչներին, և՛ օլիգարխներին, և՛ սուբյեկտներին: Այն կհրապարակվի վաղը», – ասել է նա լրագրողներին:
Սալիվանն ուղեկցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Եվրոպա կատարած այցի ժամանակ՝ ԵՄ ղեկավարության և G7-ի գործընկերների հետ քննարկելու Ուկրաինայի զարգացումները։
Հաղորդվում է, որ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ է տվել ժամանակավորապես սահմանափակող միջոցներ չկիրառել ռուս գործարար Ռոման Աբրամովիչի նկատմամբ, քանի որ նա կարող է օգնել Ռուսաստանի հետ բանակցություններում, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։











































