«Ռուսական պատվիրակության հետ բանակցություններում պաշտոնական Կիևի ներկայացուցիչները պետք է բոլոր ջանքերը գործադրեն Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար», – երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր պատվիրակությունների ներկայացուցիչները ամեն օր շփվում են տեսաֆորմատով, մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ ամեն ինչ անել, որ նախագահների հանդիպումը կայանա, հանդիպում, որին մարդիկ սպասում են։ Մենք հասկացանք, որ սա դժվար պատմություն է, դժվար, բայց անհրաժեշտ, և մեր նպատակն է, որ այս պայքարում, այս բարդ բանակցային աշխատանքի ընթացքում Ուկրաինան ստանա այն արդյունքը, որն անհրաժեշտ է մեզ, աշխարհին, անվտանգություն, որպեսզի ունենանք նորմալ ու արդյունավետ երաշխիքներ», – ասել է նա տեսաուղերձում։
Հիշեցնենք, որ կիրակի ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև երկխոսությունը կշարունակվի երկուշաբթի՝ տեսազանգի միջոցով։ Ավելի ուշ՝ ուկրաինական պատվիրակության անդամ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան տեղեկացրեց, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:30-ին՝ չնշելով ժամային գոտին։
Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հանդիպել էր ուկրաինացի իր գործընկեր Դմիտրի Կուլեբային։ Զրույցից հետո ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել էր, որ Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվում շփումներից, սակայն դրանք պետք է ոչ թե ինքնանպատակ լինեն, այլ՝ կոնկրետ պայմանավորվածություններ ամրագրելու միջոց։







































