«Freedom House» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը մեղադրել է Ռուսաստանի նախկին նախագահ, ներկայումս վարչապետ Վլադիմիր Պուտինին հարևան հետխորհրդային երկրներում ժողովրդավարության զարգացման համար խնդիրներ առաջացնելու մեջ:
Այդ մեղադրանքները գրված են կազմակերպության կայքում տեղադրված «Խոստումներ և հետդարձ. հետխորհրդային տարածքը 20 տարի անց» վերլուծական զեկույցում:
Զեկույցի հեղինակները ներկայացնում են իրենց տեսակետները և եզրակացությունները, թե որոնք են հետխորհրդային երկրներում ժողովրդավարության պակասի պատճառները:
«Պուտինը համառ էր ազգայնականության հրահրման գործում և խնդիրներ էր ստեղծում հարևան երկրներում ժողովրդավարության զարգացման համար` տարբեր ժամանակներում օգտագործելով վախեցնելու տակտիկան, օրինակ՝ Լեհաստանի, Բալթյան երկրների և Ուկրաինայի պարագայում»,- ընդգծել են զեկույցի հեղինակները:
Նրանց կարծիքով՝ այդ ամենը կապված է նրա հետ, որ Պուտինի իշխանության գալը համընկավ էներգակիրների միջազգային գների էական ավելացման հետ, ինչն էլ նա ակտիվորեն օգտագործում էր որպես էներգետիկ զենք:
«Նա ցույց տվեց բարձրակարգ վարպետություն իր տնտեսական և էներգետիկ քաղաքականությունը միջազգային հարաբերություններում ինտեգրացնելու հարցում՝ ագրեսիվորեն հարձակվելով Եվրոպա էներգիա մատակարարողների վրա, այնուհետև թափահարելով էներգետիկ զենքը՝ ստիպեց եվրոպական քննադատությանը լռել»,- ասվում է «Freedom House»-ի զեկույցում
Հետխորհրդային տարածքում Արևմուտքի վարած քաղաքականությունը ևս որոշակի քննադատության է արժանանում զեկույցի հեղինակների կողմից:









































