Չինաստանի Կարմիր Խաչի ընկերությունը Ուկրաինային կտրամադրի 5 միլիոն յուանի (մոտ 787 հազար դոլար) մարդասիրական օգնություն։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիջյանը։
«Ուկրաինական կողմի խնդրանքով՝ Չինաստանի Կարմիր Խաչի ընկերությունը 5 միլիոն յուանի արժողությամբ մարդասիրական օգնության խմբաքանակ կտրամադրի Ուկրաինայի Կարմիր խաչի ընկերությանը, որը կներառի սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլ իրեր», – ասել է նա։ «Մարտի 9-ին առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել Պեկինից», – հավելել է դիվանագետը։
Մարտի 7-ին Պետական խորհրդի անդամ, արտգործնախարար Վան Ին հայտարարեց, որ Չինաստանի Կարմիր Խաչի ընկերությունը շուտով մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Սակայն այս առաքումների մասին նա մանրամասներ չէր հայտնել։









































