Ծաղկաձորում առանց Վլադիմիր Պուտինի մեկնարկեց երիտասարդական մի ֆորում, որը կազմակերպել էր «Հայաստանի երիտասարդական կառավարություն» կոչվող կառույցը, ինչը, ըստ էության, նույնն է, թե ԲՀԿ երիտասարդական թևը: Այդ կառույցի ղեկավարը ԲՀԿ անդամ է: Եվ հենց այդ կառույցի նախաձեռնությամբ էլ հրավեր էր արվել ՌԴ վարչապետ Պուտինին, որ գա ու մասնակցի ֆորումին:
Այդ հրավերի համար ԲՀԿ-ական երիտասարդները կարողացել էին նույնիսկ «դեսանտ» իջեցնել Սելիգեր, ուր հրավիրվել էր Պուտինը և հանդիպել ռուսաստանցի կարիերիստ երիտասարդների հետ: Այդ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական մի աղջիկ հաջողացրեց ուղղակի հրավիրել Պուտինին, ով խոստացավ մտածել: Ֆորումը Ծաղկաձորում բացվեց, իսկ Պուտինը եթե նույնիսկ պահեց մտածելու իր խոստումը, ապա մտածելուց հետո երևի թե որոշեց չմիջամտել Հայաստանի քաղաքական կյանքին, կամ այդ կյանքում՝ ԲՀԿ դերակատարությանն ու նշանակությանը: Իսկ որ Պուտինի հնարավոր այցը հենց այդ համատեքստում էլ ներկայացվելու և ընկալվելու էր, ու որ թերևս հենց այդ հաշվարկով էլ ԲՀԿ երիտասարդները արել էին հրավերը, թերևս վեր է կասկածից:
Միամիտ կլինի մտածել, թե հրավերի գաղափարը հղացել էին առանց դրա քաղաքական «էներգետիկայի» մասին մտածելու, և կամ էլ առանց ԲՀԿ ղեկավարության հետ համաձայնեցնելու: Այդպիսով, Պուտինի միջոցով լրացուցիչ կշիռ ձեռք բերելու ԲՀԿ նախաձեռնությունը չստացվեց, ու երիտասարդական ֆորումը բացեց Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում՝ միայնակ, քանի որ երբ ԲՀԿ-ն Ծաղկաձորում իր երիտասարդների հավաքով էր, Սերժ Սարգսյանը Սևանում հավաքել էր իր երիտասարդներին` «Միասինին», Գագիկ Ծառուկյանին թերևս ցույց տալու համար, որ «երիտասարդներով չի վախեցնի իրեն»: Վախեցնել հնարավոր էր երևի թե Պուտինով, բայց դա էլ կարծես թե չհաջողվեց:
Պուտինը հերթական անգամ չցանկացավ հրապարակավ խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին: Ի դեպ, այդ առումով հետաքրքրական է, որ մի քանի ամիս առաջ նա նույն բանն արեց նաև Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Հիշում եք, Քոչարյանը տեղեկություն տարածեց, թե Ռուսաստանում մոտ 2,5 ժամանոց հանդիպում է ունեցել Պուտինի հետ: Հաջորդ օրը ռուսական «Ռեգնում»-ը, Պուտինի աշխատակազմի ղեկավարին հղում անելով, հերքեց հանդիպման տեղեկությունը: Հետագայում, իհարկե, հանդիպման փաստը Պուտինը հաստատեց, բայց մինչ այդ հաստատումը Քոչարյանը լռել էր և թերևս չգիտեր, թե ինչ անի: Այսինքն, Պուտինը նրան թերևս հասկացրել էր, որ պետք է հաջորդ անգամ այդպես չանի և չփորձի Պուտինի հաշվին ներքաղաքական միավորներ վաստակել: Ըստ ամենայնի՝ Պուտինի համար դաս է եղել 2008 թվականը, երբ ՀՀ նախագահի ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը գնաց Ռուսաստան և հրապարակավ շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին Հայաստանի նախագահի ընտրությանն իրեն աջակցելու համար:
Այդպիսով, Սերժ Սարգսյանը փաստորեն բացահայտեց, թե ում աջակցությամբ կամ հովանավորությամբ է եղել ընտրությունների կեղծումը, եղել Մարտի 1-ը: Թե՛ իրադարձությունների հետագա ընթացքը Հայաստանում, թե՛ նաև համաշխարհային զարգացումներն ու Ռուսաստանում Մեդվեդևի հետ ներիշխանական պայքարը Պուտինին թերևս հասկացնել տվեցին, որ բռնապետական մեթոդները կամ դրանց աջակցությունը ներկայումս, մեղմ ասած, ընդունված չեն աշխարհում, և հրապարակավ դրանց պաշտպան հանդես գալը այդքան էլ մեծ քաղաքական հեռանկարներ չի խոստանում: Դա ամենևին չի նշանակում իհարկե, որ Պուտինը չի փորձի այս կամ այն կերպ միջամտել Հայաստանի քաղաքական կյանքին: Բայց կարծես փաստ է, որ նա թույլ չի տալու որևէ մեկին խաղարկել իր աջակցության հանգամանքը:









































