Ուկրաինական «Բռնապետությանը դիմադրության կոմիտե» շարժումը, որը 11 ընդդիմադիր կուսակցություն է միավորում, բողոք է արտահայտել դրանցից մեկի` «Նաշա Ուկրաինա»-ի վերաբերյալ. հաղորդում է УНИАН գործակալությունը: Կոմիտեն պահանջում է կուսակցությունից հեռացնել դրա ղեկավարին` նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյին:
Պահանջը հրապարակել է «Բատկիվշչինա» (հայրենիք) կուսակցության անդամ, խորհրդարանի փոխխոսնակ Նիկոլայ Տոմենկոն: Ըստ որում` նա չի հայտնել, թե ինչպես են վերաբերվում այդ պահանջին մնացած տասը կուսակցությունները:
«Բռնապետությանը դիմադրության կոմիտեն» ստեղծվել է Յուլյա Տիմոշենկոյի ձերբակալությունից անմիջապես հետո: Կոմիտեի պահանջներից մեկը «քաղբանտարկյալների ազատումն է»:
Հիշեցնենք, որ Յուշչենկոն ոչ միայն մասնակցել է դատավարությանը որպես վկա, այլև Տիմոշենկոյի համար ծայրահեղ անբարենպաստ ցուցմունքներ է տվել: Դատարանի մուտքի մոտ հավաքված ցուցարարները նրան դիմավորել են «ամո՛թ» բացականչություններով և ձվեր են շպրտել նրա ուղղությամբ:






































