«Իմ անձնական կարծիքն այն է, որ կայացվել է շուտափույթ որոշում: Մենք շարունակում ենք այդ վատ պրակտիկան՝մի բան սարքում ենք՝ մյուսը քանդելու հաշվին: Ես չգիտեմ՝ ինչ ծրագիր է ու ինչպես է արվելու, բայց կարծում եմ, որ անպայման քանդվելու է մետրոյի այդ վարդաձև բացվածքը: Այդտեղ կառուցվելիք ծավալը դժվար թե իրեն կարողանա արդարացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ, «Հանրապետության հրապարակ» կայարանի կառույցի հեղինակ Մկրտիչ Մինասյանը՝ մեկնաբանելով կառավարության երեկվա որոշումը, համաձայն որի՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային դասի հյուրանոցային համալիր:
Նրա խոսքով՝ այդ հատվածում շատ խիտ հանգույց է, բացի այդ, հյուրանոցին անհրաժեշտ է լինելու սպասարկման, ինչպես նաև մեքենաների կայանման համար անհրաժեշտ տարածքներ: «Չորսաստղանի հյուրանոցը հանաք բան չի, որ այդ տարածքն իրենց բավարարի»,- ասաց Մ. Մինասյանը:
Այն հարցին, թե ինչո՞ւ ընտրվեց հատկապես այդ տարածքը, վերջինս պատասխանեց՝ «երևի բաց տարածք էր»:
«Մետրոյի կայարանն՝ իր վարդնյակով, 25 տարի անուշադրության էր մատնված՝ բառիս բուն իմաստով: Երևի այդպես են անում, որ հետագայում ասեն՝ տեսեք, շատ դժվար է պահելը: Նորից կատարվել է ոչ ճիշտ մոտեցում քաղաքի նկատմամբ»,- նշեց նա՝ ընդգծելով, սակայն, որ կառավարության այդ որոշման համար հիմք է ծառայել Քաղաքաշինական խորհրդի որոշումը, անգամ Ջիմ Թորոսյանն է տվել իր համաձայնությունը:









































