Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային անվտանգության ուժերը պարզել են, որ Հաքքարի-Չուքուրջա ավտոմայրուղու վրա թուրքական զինվորական ավտոշարասյան վրա իրականացված հարձակման հրամանն արձակել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) նախկին երկրորդ դեմք Ֆահման Հուսեյնը, ով ունի սիրիական ծագում և հայտնի է «Դոկտոր Բահոզ Արդալ» մականվամբ։
Նշվում է, որ Հուսեյնի հատուկ խումբը նախապես հետախուզական աշխատանքներ է իրականացրել Հաքքարիում, ինչից հետո էլ հարձակման նպատակով այնտեղ է գործուղել այդ խմբին։
Խումբը նախապես ականապատել է այն ճանապարհը (ավելի ուշ թուրքական լրատվամիջոցների կողմից «մահվան» որակված), որով պետք է անցներ թուրքական զինվորական ավտոշարասյունը, ապա երբ վերջինս հայտնվել է ականապատ ճանապարհին, պայթեցրել է 4 ականները։ Այնուհետև քուրդ զինյալները մոտակա բարձրունքներից գնդակոծել են թուրքական զինվորական ավտոշարասյունը։
Թուրքական անվտանգության ուժերի տվյալներով՝ Հուսեյնը մինչ այդ պլանավորել է ևս մի շարք արյունալի գործողություններ, այդ թվում նաև խաղաղ բնակչության հանդեպ։
Հիշեցնենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների՝ PKK-ն Հաքքարիի նահանգում ունի 16 ճամբար։









































