Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողով դեռևս չի ձևավորվել, քննարկվում են պայմանները, որոշակի հանգամանքներ կան պարզելու:
«Առայժմ սահմանագծման, սահմանազատման հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել: Մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները՝ մտադրված կամ երբեմն պատահական, տեխնիկական պատճառներով տեղի ունեցող բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում»,-ասաց Միրզոյանը:
Հանձնաժողովի ստեղծման կոնկրետ ժամկետների հարցում հստակություն չկա, սակայն, ըստ նախարարի, կա ընկալում, որ խոսքը մոտալուտ գործընթացի մասին է: Որոշակի հանգամանքներ կան պարզելու, համաձայնեցնելու: Դրանից հետո հանձնաժողովը կարող է ձևավորվել և աշխատել: