Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է բարձրացնել ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ-ի արձագանքման օպերատիվությունը:
«Մեզ համար կարևոր է հետագայում ևս ամրապնդել ՀԱՊԿ հզոր ներուժը, և Ղազախստանն իր ներդրումը կունենա այդ գործում: Հնարավոր առաջարկություններից մեկը կարող է դառնալ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման ժամկետների օպտիմալացումը: Մենք պետք է բարձրացնենք օպերատիվությունը Հավաքական անվտանգության խորհրդի և այլ մարմինների կողմից հաստատված որոշումների մշակման և ընդունման հարցերում», – հայտարարեց Տոկաևը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում:
Նա հավելեց, որ կարեւոր է նաեւ առավելագույն քաղաքական աջակցություն ապահովել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի օգտագործման մասին որոշմանը, հատկապես ՄԱԿ-ի եւ այլ կազմակերպությունների ու ԶԼՄ-ների կողմից: