Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը մեղադրել է Եգիպտոսին այն բանում, որ վերջինս չի կարողանում ապահովել իր սահմանների անվտանգությունը. այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ այսօր Իսրայելի հարավում առնվազն 3 մեքենաների վրա հարձակումների հետևանքով սպանվել է 6 մարդ, կան 10-ից ավելի վիրավորներ: Առաջին հարձակման ժամանակ 3 հոգի կրակ են բացել ուղևորատար ավտոբուսի վրա՝ Իսրայելի հարավային Էյլաթ նավահանգստի մոտ, երկրորդ դեպքը տեղի է ունեցել իսրայելական ռազմական մեքենայի դեմ, երբ պայթել է մայթին տեղադրված ռումբը: Այնուհետև հակատանկային հրթիռ է գործի դրվել և պայթեցվել մի մասնավոր ավտոմեքենա:
Իսրայելի պաշտպանության նախարարը միջադեպերից անմիջապես հետո արտակարգ խորհրդակցություն է հրավիրել։ Իսրայելի բանակում ու ոստիկանությունում տագնապ է հայտարարվել։ Զինվորականները հայտնաբերել են ահաբեկիչներին և նրանց միջև փոխհրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով ոչնչացվել է մեկ ահաբեկիչ։
Ահաբեկչությունները տեղի են ունեցել հիմնականում Եգիպտոսի սահմանի մոտակայքում, ինչի կապակցությամբ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է «Սա վկայում է Սինայի թերակղզու հանդեպ Եգիպտոսի իշխանությունների շատ թույլ հսկողության մասին, ինչի հետևանքով այնտեղ ակտիվանում են ահաբեկիչները»:







































