Երուսաղեմում տոնական օրերը մոտենում են, սակայն օգոստոսի վերջից սկիզբ առած խնդիրը շարունակում է առկախված վիճակում մնալ, ինչը ազդել է համայնքում տրամադրությունների վրա։ Այդ ժամանակ միայն սաղիմահայությունն իմացավ ապօրինի գործարքի մասին, որ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ են ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին, որտեղ գործարարը նախատեսում է հյուրանոց կառուցել։
Ու թեև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի 17 միաբանները հայտարարություն տարածեցին՝ առաջարկելով Նուրհան պատրիարքին չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը, սակայն մինչ այս պահը որևէ նորություն չկա։ Պատրիարքն իրեն պահում է այնպես, կարծես որևէ բան տեղի չի ունեցել։
Ինչպես ավելի վաղ նշել էինք, «Կովերի պարտեզ» կալվածքում հյուրանոց կառուցելու վերաբերյալ որևէ համաձայնագիր չի քննարկվել և չի վավերացվել միաբանության ժողովների ժամանակ։
Օրերս աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ պատվիրակությունը քննարկել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու հարցը։
Խնդրի հետ կապված պատրիարքության միաբանները բաժանվել են երկու մասի, մի մասն աջակցում է պատրիարքին, մյուս մասը՝ մերժում։ Նշվում է, որ եթե այսպես շարունակվի և պատրիարքն ընդառաջ չգնա հանրությանը, ապա կպահանջեն պատրիարքի հրաժարականը։
Պետք է նշել, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրը անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքներն 99 տարով վարձակալության տալ, պատրիարքության կանոնադրությամբ, առավելագույն ժամկետը 49 տարին է:
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ այդ թեմայի հետ կապված որևէ նորություն չկա:
Հարցին, թե ինչի՞ կհանգեցնի ստեղծված իրավիճակը, արդյոք պատրիարք Նուրհան Մանուկյանին մտահոգում է ստեղծված վիճակը, Հայր Կորյունը պատասխանեց. «Ամեն բան շատ հստակ ասված է միաբանների հայտարարության մեջ, բոլոր ստորագրող հոգևորականները պատրիարքին դիմել են, որպեսզի չեղարկվի այդ գործարքը: Իսկ թե ինչ կորոշի պատրիարքը, ընդառաջ կգնա այդ պահանջին, թե ոչ, պետք է հարցնել հենց իրեն»:







































