«Բանակցությունների իմաստը հենց բանակցություններն են: Այժմ ընթացող գործընթացների էությունը ոչ թե քննարկման թեման է, այլ այն, որ կա բանակցային գործընթացի փաստ, ինչն ինքնին արժեք է՝ և՛ կոալիցիայի, և՛ ՀԱԿ-ի համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ գնահատելով ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Իսկանդարյանի կարծիքով՝ կոալիցիայի համար երկխոսությունն արժեք է, քանզի վերջինս կարողանում է պահպանել ստատուս-քվոն, որպեսզի չլինի այն, ինչ առաջ էր` երբ ընդհանրապես որևէ հարաբերություններ չկային: Նա նաև նկատեց, որ երկխոսությունը կարևոր է այն առումով, որ այն ողջունվում է միջազգային հանրության կողմից:
«ՀԱԿ-ի դեպքում ևս իրավիճակը շատ հետաքրքիր է, մասնավորապես վերջին զարգացումներից հետո` տեղի ունեցավ միջադեպ՝ ՀԱԿ ակտիվիստների հետ կապված, որին հետևեց Մուսինյանի չհստակեցված հայտարարությունը, թե եթե չանենք մեր պահանջները՝ դուրս կգանք, սակայն այդպես էլ որևէ մեկը դուրս չեկավ երկխոսությունից, և այն շարունակվում է»,- ասաց Իսկանդարյանը և հավելեց, որ այս ամենը վկայում է, որ երկխոսությունը արժեք է նաև ՀԱԿ-ի համար, անկախ նրանից, թե նրանց կհաջողվի, թե՝ ոչ ազատ արձակել ակտիվիստներին: Քաղաքագետի խոսքերով՝ այս ամենից ելնելով՝ կարելի է ասել, որ ՀԱԿ-ը գոնե այս պահին չի ուզում դուրս գալ բանակցություններից և դեմարշ կազմակերպել:
Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ եթե երկխոսությունը շարունակվի, ապա դա հնարավորություն կտա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մինի հեղափոխություն իրականացնել և ականատես լինել հայկական քաղաքական համակարգի փոփոխությանը: Բացատրելով, թե «մինի հեղափոխություն» եզրույթի տակ ինքը ինչ է հասկանում՝ Իսկանդարյանը նշեց. «95 թվականից սկսած Հայաստանում ձևավորվել է մի մշակույթ, երբ ընտրություններում պարտվող կողմը չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Եթե այսօր ընթացող գործընթացների արդյունքում հիմնական ընդդիմությունը մտնի խորհրդարան և համաձայնի մասնակցել դրա աշխատանքներին, ապա դա հեղափոխութուն կլինի` անցում գնդակի քաղաքականությունից կարկանդակի քաղաքականության, երբ իշխանությունը ոչ թե մեկը պետք է վերցնի, այլ հնարավոր է բաժանել»:
Իսկանդարյանը հավելեց, որ եթե իր ասած մինի հեղափոխությունը լինի, ապա դա կլինի մեծ քայլ ժողովրդավարացման ճանապարհին:








































