«Արդեն 12 տարի «Շանթ»-ում եմ աշխատում, ես ինքս էի զգում այդ փոփոխության կարիքը: Այդտեղ ոչ մի արտառոց բան չկա: Եվ իմ առաջարկն էլ «Հանրային հեռուստաընկերություն»-ն ընդունեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Շանթ» հեռուստաընկերության արդեն նախկին մեկնաբան Նվեր Մնացականյանը:
«Ես ասել եմ, որ ուզում եմ փոփոխություններ: Քննարկել, համաձայնել ենք, և այդտեղ ոչ մի արտառոց բան չկա»,- ասաց Ն. Մնացականյանը՝ նշելով, թե արդեն մամուլում հայտնվել են ինֆորմացիաներ՝ «ենթատեքստային վերնագրերով»:
«Որևէ այդպիսի բան չկա: «Շանթ»-ը ինձ համար սիրելի ու հարգելի կոլեկտիվ է, և չկա մեկը, որից նեղացած լինեմ, որի հետ կոնֆլիկտ ունեցած լինեմ: Այդպիսի բաներ չկան»,- ասաց մեկնաբանը՝ ընդգծելով, որ տվյալ փուլում ավելի ճիշտ է գործ ունենալ պետական կառույցի հետ:
Այն հարցին, արդյո՞ք չի կորցնի իր լսարանի մի մասին «Հանրային հեռուստաընկերություն» տեղափոխվելով, Ն. Մնացականյանը պատասխանեց, որ չի կարծում, քանի որ մեծ տարբերություն չկա այդ հեռուստաընկերությունների մեջ:
«Ինչ սկզբունքներով աշխատում էի «Շանթ» -ում, նույն սկզբունքներով, հուսով եմ, կաշխատեմ «Հանրային»»- ում,- նշեց Ն.Մնացականյանը:
Նրա խոսքով՝ արդեն ամեն ինչ համաձայնեցվել է, դիմումը գրված է, և հանգստից վերադառնալուց հետո՝ սեպտեմբերին կանցնի իր նոր աշխատանքին:








































