ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն այսօր դատարանում հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը, այն է՝ Հայաստանում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելը, չի ընդունում։
Նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստը մեկնարկեց մեղադրող դատախազ Ալիկ Ստեփանյանի կողմից Մանուկյանին առաջադրված մեղադրանքի ընթերցմամբ։
Ըստ գործի նյութերի՝ Մանուկյանը ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու կոչեր է հնչեցրել փետրվարի 12-ի, 20-ի, 26-ի հանրահավաքների ժամանակ։ Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը հրապարակել է ընդդիմության մշակած երկու պլան, որոնցից առաջինը ենթադրում էր բացատրական աշխատանքներ քաղաքացիների, ուժայինների, պատգամավորների հետ, իսկ երկրորդը կամ «պլան Բ-ն» իշխանության արագ զավթումն էր։







































