«Ես հարցրեցի, իր հետ հանգամանալից ու երկար խոսեցի ու ասեցի՝ եթե սա է հերքումը կամ պատասխանը, ապա սա եմ տպում, կամ եթե այլ բան ունեք, ուղարկեք մենք կտպենք, որովհետև մեր սկզբունքը բազմակարծություն ապահովելն է, ինքն էլ նշեց, որ ոչ, հենց այդ ուղարկած տեքստը դնենք ու դա իրեն կբավարարի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, պատմելով իր նկատմամբ Մինաս Ավետիսյանի որդու` Արման Ավետիսյանի ներկայացրած հայցի մանրամասները, նշեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Բարսեղյանը նշեց, որ իրենք տպել են Ա. Ավետիսյանի հերքման տեքստը, սակայն, չգիտես ինչու, ամիսուկես մտածելուց հետո, կամ ըստ Բարսեղյանի` «երևի նրան օգնել են գլխի ընկնել, որ շատ է վիրավորված, և հարկավոր է դատի տալ», Ավետիսյանը օգոստոսի 4-ին հայց է ուղարկել դատարան, որով գտել է, որ «ինքը վիրավորված է 500 հազար դրամի և զրպարտված մոտ 1.5 մլն դրամի չափով, 500 հազար դրամի չափով էլ իրավաբանական պաշտպանության ծառայությունից է օգտվել»:
Մեր հարցին, թե ինչքանով է Ավետիսյանի հայցադիմումը հիմնավոր, Բարսեղյանը պատասխանց. «Ես համարում եմ, որ անհիմն է: Յուրաքանչյուր մարդ ունի հայցեր տալու իրավունք, բայց հիմքերը չկան դրա, քանզի այդ խնդրի վերաբերյալ մենք պատասխանը տպագրել ենք»:
Բարսեղյանը նաև անհեթեթ համարեց այն հարցը, թե դատարանն իրեն կպարտավորեցնի՞ ներողություն խնդրել. «Ո՞նց են դա պատկերացնում, ես է ու ներողություն չեմ խնդրում, ինչ է ԴԱՀԿ-ը գալու է ու ինձ ստիպի անպայման բերանս բացեմ ու ներողությո՞ւն ասեմ, անհեթեթություն է»:
Լևոն Բարսեղյանը նաև նշեց, որ Արման Ավետիսյանի վիճարկած արտահայտությունները, որոնք տեղ են գտել «Ասպարեզի» հայտարարության և կայքում տպագրված հոդվածներում, զրպարտչական կամ վիրավորական չեն. «Այդ ամբողջը ուղղակի մեկնաբանություններ ու կարծիքներ են, որոնք արվել են փաստական հիմքերի վրա»:
Բարսեղյանը շեշտեց, որ Արման Ավետիսյանը չի կարող վիճարկել հոդվածներում տեղ գտած փաստերը, որովհետև դրանք ճիշտ են, այդ իսկ պատճառով փաստերին հաջորդած մեկնաբանություններն ու կարծիքները մեջբերում է առանձին. «Փաստ է, որ Արման Ավետիսյանը ստել է, ասել, թե «Ասպարեզ» ակումբը իր հետ ինչ-որ գործ է ունեցել, և ես դա ասել եմ մեր հայտարարության մեջ և խորհուրդ եմ տվել լարախաղացության համար համապատասխան թաղամաս ընտրել: Իմ կարծիքի իրավունքը, բարեբախտաբար, ամրապնդված է Սահմանադրությամբ և ոչ մի Արման Ավետիսյանի ես հաշիվ չպիտի տամ, թե ինչու է իմ կարծիքն այդպիսին»:
Նշենք, որ նախնական դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 9-ին, ինչի մասին ծանուցումը Լևոն Բարսեղյանը ստացել է օգոստոսի 16-ին և երկշաբաթյա ժամկետում ներկայացնելու է իր պատասխանը հայցին:
Մեզ հետ զրույցվում Բարսեղյանը նշեց, որ պատասխանի վրա այժմ աշխատում են իր իմացած լավագույն մասնագետները:
Իսկ թե ինչքանով է հավանական, որ դատարանը հաշվի կառնի իրենց պատասխանը, և այս գործն էլ չի արժանանա լրատվամիջոցների դեմ նմանատիպ դատական գործերի ճակատագրին, Բարսեղյանն ասաց. «Դատական համակարգի մասին ես երևելի կարծիք չունեմ, բայց վերջապես ցանկացած գործի մեջ կան հանգամանքներ, որոնց վրայից դատավորն անգամ չի կարող թռնել, ինչքան էլ ուզում է պատվիրված լինի»:










































