Դեկտեմբերի 9-10-ը Վաշինգտոնում տեղի ունենալիք Ժողովրդավարության առաջին Վեհաժողովին մասնակցելու համար Հայաստանին ու Վրաստանին ուղղված հրավերը կարող է դառնալ հայ-վրացական հարաբերության օրակարգը լրացնող բովանդակություն: Հասկանալի է, որ հրավերն ինքնին, այսինքն ոչ բառի բուն իմաստով: Պարզապես, Վաշինգտոնի հրավերը որոշակիորեն ուրվագծում է ռեգիոնալ մի դասավորություն, որտեղ այդ ասպեկտով Հայաստանն ու Վրաստանը հայտնվում են մի առանձին հարթության վրա: Այստեղ հարկ է նկատել, որ թե Երևանի, թե Թբիլիսիի համար կենսական նշանակություն ունի այդ հանգամանքը ռեգիոնալ այլ իրողությունների և այլ խաղացողների հետ հակադրոության հանգամանքի չվերածելը:
Այսինքն, Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական բաղադրիչը որևէ «երրորդ երկրի դեմ չէ»: Միաժամանակ, այդ բաղադրիչը թերևս կարող է լինել այն, ինչը գործնական առումով կարող է դառնալ հայ-վրացական պետական, հասարակական-քաղաքական «կոոպերացիայի» խթանման միջոց: Իսկ այդ խնդիրը հայ-վրացական հարաբերությունում առկա է շատ վաղուց: Հետևաբար, ամերիկյան հրավերն ընձեռում է դրա ուղղությամբ առաջընթացի որևէ մոդել կամ տրամաբանություն դիտարկելու հնարավորություն: Առավել ևս, որ առանձին-առանձին, թերևս թե հայկական, թե վրացական ժողովրդավարությունների համար զարգացումը, առաջընթացն ու ամրացումը մի շարք գործոնների բերումով լինելու է շատ ավելի բարդ: Ավելին, ուժերի այդպիսի հարաբերակցության պարագայում մեծանում է վտանգը, որ ժողովրդավարությունները ստիպված կլինեն բաց հակադրվել ռեգիոնալ իրողությունների և շահերի հետ, որոնց հետ բաց հակադրության ռեժիմը բոլորովին ցանկալի չէ և չունի որևէ հաջող հեռանկար: Իսկ համատեղ մոդելավորման, «կոոպերացիայի» մեխանիզմի մշակման պարագայում, Հայաստանն ու Վրաստանը կարող են ձևավորել ժողովրդավարական միջավայրի ավելի կայուն և զարգացող ներուժ, ինչը բարդագույն ռեգիոնում թույլ կտա լինել առավել ճկուն:











































