РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրք ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հերքել է այն տեղեկատվությունը, թե Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում ռազմական միջամտությանը.
«Թուրքիան հանդես է գալիս Սիրիայի գործերին ամեն տիպի ռազմական միջամտության դեմ։ Մենք չենք ցանկանում ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայի ներքին գործերին։ Միևնույն ժամանակ մեզ համար անընդունելի է Սիրիայի քաղաքացիական բնակչության դեմ ռազմական գործողությունների իրականացումը»։
Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հերքել է մի շարք թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե Թուրքիան մտադիր է Սիրիայի տարածքում ստեղծել բուֆերային գոտի՝ փախստականների մեծացող ներհոսքի դեմն առնելու համար։
Հիշեցնենք, որ Դավութօղլուն երեկ հայտարարել էր, որ Սիրիայում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը չի կարող արդարացվել և պետք է կասեցվի ամեն տիպի պայմանների առաջ քաշումը։ Դավութօղլուի խոսքերով՝ դա սիրիական կառավարությանն ուղղված Անկարայի վերջին կոչն է. «Թուրքիան չի վերսկսի Դամասկոսի հետ երկխոսությունը, քանի դեռ բավարարված չի լինի իր այդ պահանջը»։









































