«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը
-Պարոն Սաքունց, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության առնչությամբ և կոչ է անում կողմերին պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում կնքված հրադադարի պայմանները։ Ի՞նչ կարող է Հայաստանը Ֆրանսիայից ակնկալել այս փուլում։
-Նախ կարևոր է արձանագրել, որ Ֆրանսիայի արձագանքը տեղի ունեցածին շատ չեզոք է, կոնկրետ չի դատապարտում այն, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սահմանների վրա։ Եվ կարծում եմ, որ շատ դժվար չէ այդ ամենը պարզել, հասկանալ և ըստ այդմ՝ դիրքորոշում հայտնել։
Բացի այդ, Ֆրանսիան արտահայտվեց իր ԱԳ նախարարի միջոցով, սակայն իրավիճակն այնքանով էր ծանր, որ կարող էր լինել նաև արձագանք հենց նախագահ Մակրոնի կողմից։ Իսկ Ֆրանսիայի ԱԳՆ արձագանքը շատ չեզոք էր, և, կարծում եմ, Ֆրանսիայի կառավարությունը չի գնում այդ ռիսկին, մինչդեռ Հայաստանի կողմից գործի անցնելու վերջնական դիմում Ֆրանսիային կամ արևմտյան երկրներին չկա։
-ՀԱՊԿ-ի կողմից դարձյալ որևէ քայլ չի իրականացվում։ Ավելին՝ ՀԱՊԿ-ից հայտարարում են, որ ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողին։ Մինչդեռ 44-օրյա պատերազմի օրերին մեկ անգամ չէ, որ Ֆրանսիան մեկնել է օգնության ձեռք։ Արդյոք այդ առումով չպետք է անվտանգության այս կառույցին այլընտրանք գտնի՞ Հայաստանը։
-Նախ՝ Հայաստանը ռազմական ոլորտում ունի դաշնակից՝ Ռուսաստանն է, և այս պահին Հայաստանը չի կարող դիմել, օրինակ, ՆԱՏՕ-ին՝ ինչ-որ քայլեր ձեռնարկելու։ Հայաստանը ունի ռազմական պայմանագիր Ռուսաստանի հետ, բայց սա չի խանգարում, որ զուգահեռաբար, իրավիճակն ապահովելու համար Հայաստանն ունենա բանակցություններ թե՛ Ֆրանսիայի, թե՛ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հետ։ Իսկ ռազմական գործողություններ իրականացնելու համար զուգահեռ չի կարող գործել, եթե Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ուրեմն աշխատում է ՀԱՊԿ գործընկերների հետ, իսկ եթե ակնկալում է ռազմական աջակցություն այլ երկրներից, ապա ինչ-որ պահի պարտադիր կլինի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Իսկ մինչև այդ, բնականաբար, չի խանգարում, որ ամենաբարձր մակարդակով բանակցություններ լինեն, այսինքն՝ դիվանագիտության մեջ կան նաև բանակցություններ, որոնց մասին չեն խոսվում, բայց դրանք տեղի են ունենում, օրինակ, դեսպանների, ԱԳ նախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով։ Հուսով եմ, որ այս պահին Հայաստանի կառավարությունը և քաղաքական գործիչներն այդ գաղտնի բանակցությունները զուգահեռաբար տանում են արևմտյան գործընկերների հետ, որպեսզի եթե ինչ-որ պահ գա, որ Ադրբեջանը նորից սկսի պատերազմ և մենք տեսնենք, որ, օրինակ, կորցնում ենք Սյունիքը, Հայաստանն արդեն նախապատրաստած բանակցություններ ունենա, որ կարողանա փոխել քաղաքականությունը։
-Ինչո՞ւ այս հայտարարությունների մեջ հստակ չի նշվում, որ Հայաստանի սուվերեն տարածք է մտել Ադրբեջանը։
-Երեկվանից հնչող հայտարարությունները նյարդայնացնող են, քան աջակցող, դրանք որևէ օգուտ չեն տալիս, դիմել երկու կողմերին էլ, կոչ անել զսպվածության կամ դադարեցնելու, սա որևէ բան չի փոխում, ընդհակառակը, հայկական կողմին ավելի է նյարդայացնում, քանի որ որևէ կոնկրետ քայլ չի արվում։ Կոնկրետ Ֆրանսիան ավելի մոտ է Հայաստանին, քան Ադրբեջանին, և Ֆրանսիան մեծ պատրաստակամությամբ ավելի շատ կօգնի Հայաստան, քան Ադրբեջանին, բայց այստեղ կան ավելի շատ շահի հետ կապված հարցեր, որոնք ժամանակ առ ժամանակ երկրորդական պլան են մղում ընկերական հարաբերությունները։
-ՄԱԿ Անվտանգության խորհրդից ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը։
-Իրականում ակնկալիքներ կարելի է ունենալ ՄԱԿ Անվտանգության խորհրդից, բայց, կարծում եմ, ՄԱԿ Անվտանգության խորհրդից ինչ-որ բան սպասելուց առաջ նախ ՄԱԿ Անվտանգության խորհրդին պետք է դիմել, իսկ այս պահի դրությամբ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի ստացել դիմում։ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը ասել է, որ մենք կօգնենք, որպեսզի դիմենք ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, որպեսզի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկի այս հարցը, բայց այս պահի դրությամբ որևէ դիմում և պահանջ չկա։ Իսկ եթե չկա համապատասխան դիմում, ՄԱԿ Անվտանգության խորհուրդն իրեն դժվար իրավիճակի մեջ չի դնելու, իսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելու համար Հայաստանը պետք է ունենա Ռուսաստանի համաձայնությունը, և իմ կարծիքով,ամբողջ խնդիրը հենց դրանում է։









































