Հայաստանը հաջողությամբ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իր պարտության հետևանքով առաջացած լուրջ քաղաքական ճգնաժամից, ինչն ինքնին իրական հաջողություն է: Նման հայտարարություն են արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների մոնիտորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա)՝ ամփոփելով 2021թ. նոյեմբերի 3-5-ը Հայաստան կատարած իրենց այցի արդյունքները: «Ճգնաժամը լուծվել է ժողովրդավարական ձևով կազմակերպված արտահերթ ընտրություններով՝ չնայած խիստ բևեռացված միջավայրին», – ասել են նրանք:
Համանախագահները նշել են, որ բևեռացումը, ցավոք, առկա է Ազգային ժողովում և չի նպաստում խորհրդարանական իրական մշակույթի կայացմանը, որտեղ մեծամասնությունն ու ընդդիմությունը կառուցողական և հարգալից կերպով առճակատվում են՝ հստակ մատնանշված և տարբերվող քաղաքական կողմնորոշումներով: «Մյուս կողմից, պարզ է, որ կառուցվում են ինստիտուցիոնալ հավասարակշռություններ, և որ որոշակի հակակշիռներ, ինչպիսին Մարդու իրավունքների պաշտպանն է, կան: Մենք կարող ենք միայն խրախուսել Հայաստանի իշխանություններին շարունակել այս ճանապարհը և, անհրաժեշտության դեպքում, ապահովել այլ ինստիտուտների անկախությունը, ինչպիսին է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, օրինակ՝ դրան սահմանադրական կարգավիճակ տալով»,- ասել են համազեկուցողները:
Հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ դրսի կազմակերպությունները, հատկապես այնպիսի ընդհանրականներն ինչպիսին ՄԱԿ-ն է, ԵԽԽՎ կամ Եվրախորհուրդը հիմնականում առաջնորդվում են ձևի գերակայության սկզբունքով․«Իսկ մենք գիտենք, որ յուրաքանչյուր երևույթ ունի և՛ իր ձևը և՛ բովանդակությունը։ Ձևի գերակայություն իրականում բերում է շատ թյուր եզրակացությունների։ Հիմա, եթե մենք նայում ենք զուտ ֆորմալ ձևի տեսանկյունից, ապա Հայաստանում եղան գրեթե 30․000-ի հասնող բողոքի ցույցեր, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանը գնաց արտահերթ ընտրությունների։ Նաև՝ հիշենք, թե ռազմական դրության չեղարկումը քանի պահանջներով ու բողոքներով եղավ։ Այսինքն՝ եթե այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը գնաց արտահերթ ընտրությունների, ապա դրանց վերաբերյալ փոքրիկ ու քնքուշ բևեռացված բառը իրականում շատ բովանդակային ու բիրտ բառ է, ձևով քնքուշ, իսկ բովանդակությամբ՝ բիրտ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ տեղի ունեցան այնպիսի ընտրություններ, որ մարդկանց հարկադրեցին ընտրել իրենց պատկերացմամբ վատի և վատթարի, հնի ու նորի, սևի ու սպիտակի միջև․ «Եվ շատ մարդիկ վախենալով հնի կրկնությունից գերադասեցին իրենց կարծիքով չարյաց նվազագույնը։ Հետևաբար, ընտրություններ, այո՛, տեղի ունեցան, բայց ճգնաժամը չլուծվեց: Խնդիրը թերագնահատվում է, երբ ասվում է, որ Հայաստանը դուրս է եկել պատերազմում կրած իր պարտության ծանր հետևանքների բեռից։ Մենք ոչ միայն դուրս չենք եկել, այլև չենք էլ հասել ինչ-որ կայունացման աստիճանի, որովհետև արտահերթ ընտրությունները չհանգեցրեցին հասարակական տրամադրությունների ներդաշնակության։ Չնայած 50 տոկոսից ավել ձայն հավաքեց իշխող ՔՊ-ն ու ինքը ձևավորեց կառավարությունը, մենք տեսնում ենք, որ և՛ տնտեսական քաղաքականության մեջ և նաև արտաքին քաղաքականության ու պաշտպանության մեջ մենք ունենք խնդիրներ։ Ավելին՝ այստեղ ոչ մի խնդիր լուծված չէ»։
Դիլբարյանի խոսքերով՝ մենք անընդհատ պատվիրակում ենք մեր խնդիրները Ռուսաստանին՝ Պուտինին, ՀԱՊԿ-ին, որտեղից դրական ազդակներ չենք ստանում․ «Քանի որ խնդիրները չեն լուծվում, հանրության տրամադրությունները ոչ միայն բևեռանում են, այլ վերածվում են դիմադրության շարժման աստիճանի»։
Մեր զրուցակիցը նկատեց, որ դիմադրության մասին խոսում են երկու բացարձակ հակոտնյա բևեռներ․ «Մեկը՝ ազգային ժողովրդավարական բևեռը և մյուսը՝ «Հայաստան» դաշինքը իրեն հարող դաշինքի մեջ մտնող կուսակցություններով։ Այս երկու բևեռներում առկա տրամադրությունների ու կարգախոսների նմանությունը՝ այսինքն իշխանափոխության պահանջ այդպես կոշտ ու կարծ քննադատությամբ, ցույց է տալիս, որ հանրության մի զգալի մասը ներկա իշխանություններից չափազանց դժգոհ է և ինքը հասկացավ, որ ինքը վերստին ընտրելով Նիկոլ Փաշինյանին ոչ միայն կայունության չհասավ, այլ հեռացավ այդ կայունությունից»
Նրա դիտարկմամբ՝ ընտրությունները չլուծեցին առկա իրավիճակը և մենք պատերազմի հետևանքների հաղթահարման փուլում չենք․ «Տեսեք՝ ԱԺ փոխխոսնակն ի պատասխան այդ մեծագույն հանցագործության, որը խաղաղ քաղաքացու գնդակահարումն էր շինարարական աշխատանք կատարելու ժամանակ, չուզեց գնահատական տալ, ասելով, որ եթե կոշտ գնահատական տա՝ դրանից ադրբեջանցիները կփոխվե՞ն։ Քանի դեռ իշխանությունը չի հասկանում, որ խնդիրներից թաքնվելը փրկություն չէ, նշանակում է՝ ոչ մի խնդիր լուծված չէ»։










































