Թուրքիայի նախագահ Էրդողանը G20-ի վեհաժողովում արծարծել է «3+3» հարավկովկասյան ձևաչափի թեման, նշելով, թե դա խաղաղություն կբերի ռեգիոնին: «3+3»-ի թեման քննարկել են նաև Չավուշողլուն և Լավրովը, որոնք հանդիպել են Մեծ 20-ի Վեհաժողովի շրջանակում: Ընդ որում, հատկանշական է, որ այդ կապակցությամբ ՌԴ տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ եղել է այդ թեմայի վերաբերյալ «մտքերի փոխանակում»: Ոչ թե քննարկում, այլ «մտքերի փոխանակում», ինչը գուցե ավելի շուտ նշանակում է այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան «3+3»-ի առնչությամբ քննարկման գործնական փուլում չեն: Դա իր հերթին առաջացնում է հարց՝ քննարկման փուլում չեն, որովհետև ամեն ինչ քննարկել ու համաձայնեցրե՞լ են, թե՞ հակառակը՝ բավականին իրարամերժ են մոտեցումներն ու մոտիվները: Առավել հավանական է երկրորդ տարբերակը, այլապես, ամեն ինչ համաձայնեցրած լինելու դեպքում չէր լինի նաև «մտքերի փոխանակման» կարիք:
«3+3»-ի առնչությամբ ընդունված է համարել, որ այն ռուս-թուրքական ձևաչափ է, որով փորձ է արվում դուրս դնել Արևմուտքը Հարավային կովկասից: Սա թերևս փոքր ինչ պարզունակ դիտարկում է, մակերեսային, իսկ խորքում պատկերը շոշափելիորեն այլ է: Դրա մասին է վկայում նաև օրերս ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե ԱՄՆ այդ ձևաչափը փորձում է ներկայացնել իբրև ՌԴ գաղափար և խանգարել դրա իրականացմանը, իսկ իրականում այն թուրք-ադրբեջանական գաղափար է: Եթե Ռուսաստանը Անկարայի հետ լիներ այդ առումով ամեն ինչ համաձայնեցրած, ապա հազիվ թե դիմեր Զախարովան այդօրինակ հայտարարությունների: Բուն խնդիրն այն է թերևս, որ Անկարան «3+3»-ով ձգտում է ամրագրել Արցախի դեմ իր պատերազմի արդյունքը նաև քաղաքական առումով, լոկալիզացնելով առկա իրադրությունը ռեգիոնալ ձևաչափի շրջանակում:
Թուրքիայի մոտիվը թերևս այն է, որ այդ պարագայում Անկարան ստանում է ՌԴ հանդեպ իր ճկունությունը, առավելությունը իրացնելու առավելագույն հարմարավետ միջավայր: Բանն այն է, որ չնայած էրդողանյան հավակնոտ և ինքնուրույն քաղաքականությանը, Թուրքիան դեռևս հեռու է լայն աշխարհաքաղաքական խաղացողի կարգավիճակից: Թուրքիան բավականին ճկուն և արդյունավետ է առանձին ռեգիոնալ «բլոկներում», բայց լայն «խաղատախտակի» տրամաբանության մեջ անկասկած դեռևս առավել արդյունավետ Ռուսաստանը՝ Թուրքիայի համեմատ: Ըստ այդմ, որևէ ռեգիոնում Մոսկվայի հանդեպ առավելության համար Անկարան ձգտում է ձևաչափի առավելագույն լոկալացման: Ինչպես օրինակ Սիրիայում էր: Ռուսաստանի համար իրավիճակը երկիմաստ է: Մի կողմից Մոսկվան չունի ցանկություն մտնել Թուրքիայի հետ հակադրության մեջ, և դա համարում է իր համար ոչ շահեկան, մյուս կողմից իհարկե հետպատերազմյան փուլում ռուսների համար ավելի գերադասելի է հասնել ոչ թե ռուս-թուրքական ձևաչափի, կամ ռեգիոնալ ձևաչափի՝ որի պարագայում պատկերացնում են Անկարայի առավելությունը և ճկունությունը, այլ ավելի լայն՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, իհարկե սեփական գերակա դերի ճանաչման տրամաբանությամբ: Այդ հարցերն իհարկե բարդ լուծելի են և Մոսկվան առայժմ նկատելիորեն գերադասում է խաղալ երկու ուղղությամբ էլ, այլ կերպ ասած՝ այսպես ասած լիարժեք կամ վերջնական այո կամ ոչ չասել թե եռանախագահության, թե «3+3»-ի առնչությամբ և փորձել «լողալով» երկուսի միջև, հասնել առավելագույն դիրքի: Հատկապես, որ դեռ պարզ չէ, թե ինչ է սպասում Էրդողանին Թուրքիայի ներքին խնդիրների «ծովում», նա կարողանալո՞ւ է լողալ, թե՞ խեղդվելու է և կանչելու է օգնության:




































