Առաջիկա օրերին Խոակին Կապառոսը կհրապարակի այն ֆուտբոլիստների անունները, որոնք նախապատրաստվելու են նոյեմբերի 11-ին և 14-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի դեմ հանդիպումներին։ Ընտրական J ենթախմբում այս պահին Գերմանիան 21 միավորով առաջին է և անկախ վերջին երկու տուրերի արդյունքներից կպահպանի դիրքը։ Այսինքն վերջին երկու հանդիպումները բունդեսթիմի համար մրցաշարային առումով որևէ նշանակություն չունեն։ Երկրորդ հորիզոնականում 13 միավորով ռումինացիներն են։ Հյուսիսային Մակեդոնիան 12 միավորով երրորդ հորիզոնականում է։ Նույնքան միավոր ունի նաև Հայաստանի հավաքականը, սակայն խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությամբ զիջում ենք մակեդոնացիներին և գտնվում ենք չորրորդ հորիզոնականում։ Հոկտեմբերի 11-ին Բուխարեստում Ռումինիայից կրած պարտությունից հետո հասարակության շրջանում մեր ազգային թիմի նկատմամբ վերաբերմունքը կարծես փոխվել է։
Եթե ամիսներ առաջ հպարտանում էինք ենթախմբում առաջին հորիզոնականում գտնվող մեր ազգային թիմով, ապա այսօր պատկերը միանգամայն այլ է։ Մինչդեռ մեր գլխավոր թիմը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ դեռ տեսական հնարավորություն ունի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու։ «Մեր խնդիրը բարդացավ, սակայն կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ մաթեմատիկական շանսեր ունենք խմբից դուրս գալու:Հայաստանի, Ռումինիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիները հավասարազոր են, պարզապես նվազագույն դետալներ կան, որոնք նպաստում են հաղթանակին տարբեր խաղերում: Հայաստանում մարզական բախտը մեզ հետ էր, այս անգամ այն բացակայում էր: J խմբում մինչեւ վերջ է պայքար ծավալվելու, ինչպես Իսպանիայում են ասում՝ համբերել է պետք մինչեւ վերջ»,- Ռումինիայից կրախ պարտությունից հետո ասել էր Կապառոսը։ Վերջինիս այս հայտարարությամբ երկրպագուներին կոչ էր արել մինչև վերջ կանգնել ազգային թիմի կողքին։ Թե ինչպես կարձագանքենք Կապառոսի կոչին պարզ կլինի միայն նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հստակ է մի բան․ իսպանացի մասնագետը հավատում է իր ֆուտբոլիստներին։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը որակազրկման պատճառով բաց են թողնելու Տարոն Ոսկանյանը, Վարազդատ Հարոյանը Էդուարդ Սպերցյանը և Սարգիս Ադամյանը։ Սա բավական լուրջ կորուստ է մեր հավաքականի համար։ Կարևոր խաղում բացը պետք է փորձել լրացնել 12-րդ խաղացողի միջոցով։ Պետք է փորձել հաղթել այս խաղում և շարժվել առաջ։ Նոյեմբերի 11-ին մեր Ռումինիան Բուխարեստում կմրցի Իսլանդիայի հետ։
Ռումինացիների նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում Հայաստանի կամ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը իրական հնարավորություն կստանա ընտրական մրցափուլն ավարտելու երկրորդ հորիզոնականում։ Ռումինիայի հետ խաղից առաջ ամեն ինչ խոսք գտնվում էինք անհամեմատ ավելի լավ դիրքում և ամեն ինչ կախված էր մեզնից։ Անհրաժեշտ էր երկու խաղում վաստակել 6 միավոր և վերջին տուրից առաջ ապահովել երկրորդ հորիզոանականը։ Այսօր ամեն ինչ ռումիացիների ձեռքերում է և վերջին երկու հանդիպումներում նույնքան հաղթանակ տանելու դեպքում դուրս կգան աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ Իսլանդիայի դեմ հանդիպումից երեք օր անց Ռումինիան հյուրընկալվելու է Լիխտենշտեյին։ Նույն օրը Հյուսիսային Մակեդոնիան հյուրընկալելու է Իսլանդիային։ Ինչ խոսք ստեղծված իրավիճակում Ռումինիան գտնվում է շահավետ դիրքում, բայց․․․։
Չի կարելի բացառել, որ Իսլանդիան Բուխարեստում ոչ-ոքի խաղա։ Հայաստանի հավաքականի գլխավոր խնդիրն այս պահին Հյուսիսային Մակեդոնիային հաղթելն է, ինչը տեսական, հնարավոր է նույնիսկ իրական հնարավորություն տա պայքարելու երկրորդ հորիզոնականի համար։ Ու քանի դեռ մեր ընտրանին թեկուզ մաթեմատիկական հնարավորություն ունի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու պետք է փորձել առաջ շարժվել։







































