Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդունվեց Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբերի 27-ի հերթական նիստում։
Քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողներն են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Նրանք պնդում են, որ այս հանձնաժողովի ուսումնասիրման առարկա են լինելու 2021-ի հուլիսին դատարաններում գործերի համակարգչային միջոցով մակագրման համակարգը, սարքավորումը իշխանությունների կողմից խլվել է։ Հանձնաժողովը, ըստ ընդդիմադիրների, ուսումնասիրելու է արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները։
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը, անդրադառնալով հանձնաժողովի ստեղծմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քննիչ հանձնաժողովի ձևավորումը պատգամավորների սահմանադրական իրավունքն է, ինչպես նաև ԱԺ կանոնակարգ օրենքն է թույլ տալիս, բայց նախ պետք է հասկանալ՝ որն է այսպիսի հանձնաժողով ձևավորելու՝նրանց առջև դրված նպատակը.
«Որքան ես մամուլից տեղյակ եմ, համակարգիչներն այս պահին քրեական գործի շրջանակներում գտնվում են ԱԱԾ-ում, սա, բնականաբար, խնդիր է, և որպես իրավաբանի, գործող փաստաբանի՝ մտահոգիչ է ինձ համար, որ տևական ժամանակահատվածում այդ համակարգիչներն իրենց նպատակին չեն ծառայում և ըստ էության ամբողջ դատական համակարգում դատական գործերը որոշվում են Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով տրված մեկ այլ հնարավորությամբ, այսինքն՝ ֆիզիկական միջամտության արդյունքում, որտեղ սուբյեկտիվ բաղադրիչը մեծ է»,-ասաց Նորիկյանը։ Նրա դիտարկմամբ՝ նախ պետք է հասկանալ՝ երբ են վերադարձվելու համակարգիչները, արդյոք ճի՞շտ են արել, որ այդ համակարգիչները տարել են, ինչու մինչև հիմա չեն վերադարձնում, սրանք մտահոգիչ հարցեր են։
Նրա խոսքով՝ եթե մենք իսկապես ուզում ենք ձևավորել իրապես անկախ, անկաշառ և անաչառ դատական համակարգ, որևէ իշխանության որևէ միջամտություն այդ իշխանության գործունեությանը արդարադատության նկատմամբ միջամտություն է։
«Պատգամավորներն իրենց սահմանադրական լիազորություններն են իրականացնում, խնդիր չկա, եթե իրականացնում են, որևէ մեկը իրավունք չունի որևէ պատգամավորի իրավասություններին արգելք հանդիսանալու։ Պետք է ներկայացնել, ուսումնասիրել, եթե բացահայտումներ անեն, որ եղել են ապօրինություններ, ես միանշանակ կողմնակից եմ, որ ցանկացած ապօրինություն ենթակվի պատասխանատվության։ Ավելին՝ դատավորների՝ համակագչի միջոցով մակագրման դեպքում եղել են ապօրինություններ, ես չեմ էլ բացառում, կլինեն սուբյեկտիվ միջամտություններ։ Եթե առկա են եղել խնդիրներ, թող բացահայտվեն։ Խոոսում եք դատական համակարգի բարեփոխումներից, մարդու անմիջական շփման միջամտության չեզոքացումից, բայց բանից պարզվում է՝ համակարգիչներն էլ էին ուղղորդված այս կամ այն գործը մակագրում դատավորներին, բա ո՞ւր մնաց արդարադատությունը»,-ասաց նա,
Նորիկյանը գտնում է, որ դատական իշխանության բնականոն գործունեության համար պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի որևէ կողմնակի ազդեցությունից զերծ մնա դատական համակարգը։









































