Քրեակատարողական ծառայության լրատվական վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն այս պահին առողջական որևէ խնդիր չունի: Ինչպես փոխանցել են ՔԿՀ-ից, Տիգրանը բժշկական զննություն է անցել ՔԿՀ ընդունվելիս, իսկ այնտեղ գտնվելու ընթացքում որևէ անգամ չի դիմել բժշկի և բողոք չի ներկայացրել։
Նկատենք, սակայն, որ օգոստոսի 9-ին ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի արդյունքում ձերբակալված և օգոստոսի 12-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը վստահեցնում է, որ Տիգրանն ունի բազմաթիվ սալջարդեր, անընդհատ սուր ցավեր՝ գլխի և ոտքի շրջանում, և ինքն անգամ միջնորդություն է ներկայացրել՝ վերջինիս քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ:








































