ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) հիմնադիր-նախագահ Հարություն Կարապետյանը գիտության ոլորտի զարգացման վերաբերյալ ծրագիր են մշակել և ներկայացրել Հայ ազգային կոնգրեսի հավանությանը: Այն նախատեսում է ՀՆԱ-ի նկատմամբ գիտության ոլորտի ծախսերի առնվազն 1%-ի սահմանում` ներկայիս 0.25%-ի փոխարեն, ընդ որում՝ յուրաքանչյուր տարի այդ 1%-ն աճելու է 0.2 տոկոսային կետով` ընդհուպ մինչև 3-4% դառնալը:
Ծրագրով ամրագրված է, որ գիտության զարգացումը կոչված է ապահովելու երկրի ՀՆԱ-ի կայուն աճ: «Հումքի և այլ ներմուծվող ապրանքների ու ծառայությունների համաշխարհային գների աճի ազդեցությունը տնտեսության վրա պետք է փոխհատուցվի գիտության կողմից ապահովված իննովացիոն զարգացմամբ պայմանավորված տնտեսության արդյունավետության աճով։ Այլ պարագայում ՀՀ տնտեսական զարգացումը վտանգված է։ Փորձագետների գնահատմամբ՝ սկսած ՀՆԱ-ի գիտատարության գործակցի որոշակի կրիտիկական մեծությունից (1 տոկոս և ավելին), գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումները ապահովում են ներդրման նկատմամբ միջինը 10-ապատիկ տնտեսական աճ: 2010թ. համար ՀՀ ՀՆԱ-ի գիտատարության գործակիցը 0.25% է: Բացի ֆինանսների անբավարարությունից, էապես ցածր է նաև ոլորտում սուղ հնարավորությունների բաշխման արդյունավետությունը, որը հետևանք է անկատար և կոռուպցիոն երևույթներով պայմանավորված բաշխման մեխանիզմների կիրառման, մրցակցության և հրապարակայնության բացակայության»,- նշված է ծրագրում։
Այն նախատեսում է համակարգում էական փոփոխություններ իրականացնել: Ըստ այդմ` պետք է անցնել գիտահետազոտական աշխատանքների բացառապես «թեմատիկ ֆինանսավորման»: «Գիտական թեմային հատկացվող հասցեագրված ֆինանսական միջոցների տնօրինումը կտրվի նախագիծն իրականացնող գիտահետազոտական խմբին, որի հիմնական պատասխանատուն կլինի տվյալ թեմայի ղեկավարը: Կդադարեցվի գիտահետազոտական գործունեության «բազային» ֆինանսավորումը, որը վերադասից խիստ կախվածություն ապահովող լծակ է և որևէ կերպ չի աջակցում ստեղծագործական, գիտական գործունեությանը»,- նշված է ծրագրում: Գիտահետազոտական թեմաների ընտրությունը, ըստ ծրագրի, իրականացվելու է անկախ գիտական փորձաքննության միջոցով, իսկ այդ թեմաների ֆինանսական աջակցության գործընթացը հիմնականում իրականացվելու է միջազգային հետազոտական դրամաշնորհների աջակցության մեխանիզմով:
Նախատեսվում է վերանայել ասպիրանտական կրթության գործող ժամկետները՝ այն սահմանելով 5 տարի, որոնցից առաջին երկու տարին ավելի կենտրոնացված կլինի կրթական բաղադրիչի վրա՝ լեզուների, համակարգչային հմտությունների և մասնագիտական հատուկ դասընթացների ուսումնասիրություն համար։ Իսկ վերջին երեք տարին (երկրորդ փուլ), ուր կանցնեն առաջին փուլում քննություն բռնած ասպիրանտները, կնվիրվի բուն հետազոտական աշխատանքներին։ Հետազոտական փուլի երիտասարդների, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում թեկնածուական կոչում ստացած երիտասարդ գիտաշխատողների համար ամեն տարի հատուկ դրամաշնորհային մրցույթներ կկազմակերպվեն: «Այս միջոցառումը հայաստանցի ասպիրանտներին հնարավորություն կտա 3–6 ամսով գործուղվել արտասահմանի առաջավոր լաբորատորիաներ իրենց հետազոտական աշխատանքների իրականացման համար»,- ասվում է ծրագրում:
Ծրագրով նախատեսված է նաև անցում կատարել գիտության կառավարման նոր համակարգի: ՀՀ ԳԱԱ-ն հանդես է գալու հասարակական կազմակերպության կարգավիճակով և ՀՀ նախագահի ու կառավարության համար իրականացնելու է խորհրդատվական գործառույթներ գիտության, տեխնիկայի, տեխնոլոգիաների բնագավառներում, ՀՀ իշխանությունների համար պատրաստելու է հանրապետական մասշտաբի խնդրների փորձագիտական եզրակացություններ:
Ըստ ծրագրի` վերափոխվելու է նաև ՀՀ գիտական աստիճանաշնորհման գործող կարգը, լուծարվելու է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ՀՀ ԲՈՀ), նրա ներկայիս գործառույթներից պահպանվելու է միայն ՀՀ գիտնականների գիտական աստիճանաշնորհման գրանցումը: Ստեղծվելու է գիտական, գիտատեխնիկական, կրթական տեքստերի թարգմանության, խմբագրման և այլ հարցերով զբաղվող ընդհանուր կենտրոն: Միջազգային բարձր վարկանիշ ունեցող առաջատար գիտակրթական համակարգերում աշխատող, լուրջ գիտական հաջողությունների հասած, միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտնականների (այդ թվում՝ հայազգի) գիտական ներուժը, կուտակած փորձը և կապերը օգտագործվելու են ՀՀ գիտական պոտենցիալի զարգացման համար: Հիմքեր են նախապատրաստվելու ՀՀ-ում միջազգային չափանիշներին բավարարող հետազոտական համալսարանների ձևավորման, հիմնադրման, կայուն զարգացման և գլոբալ առաջատար գիտակրթական համակարգերին ինտեգրման ուղղությամբ:
Այսպիսով, ինչպես և սպասվում էր, Հ. Բագրատյանի մշակած այս ծրագիրը, նրա մյուս ծրագրերի նման, արմատական համակարգային փոփոխություններ է նախատեսում, որի նպատակն է «ՀՀ-ն վերածել բարձր տեխնոլոգիական արտադրանք, գիտություն և կրթություն արտահանող երկրի»:








































