Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Թուրքմենստանում սկսել են փակվել թուրքական դպրոցները, որոնք գործում էին դեռևս 1990-ական թվականների սկզբից։ Թուրքական դպրոցների փակման տենդենցը պայմանավորված է նրանով, որ երկրի իշխանությունները դժգոհ են այդ ուսումնական հաստատություններում «Նուրջուլար» պանթյուրքիստական շարժման ազդեցությունից։
Այդ շարժումը պանթյուրքիստական գաղափարներ է քարոզում թուրքական դպրոցներում և հավաքագրում նրա շրջանավարտներին, ապա կաշառքի միջոցով և այլ ապօրինի եղանակներով նրանց բազմեցնում իշխանական տարբեր աթոռներին։
Նշվում է, որ Թուրքմենստանում թուրքական դպրոցների փակման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 1-ին։ Ներկայումս Աշխաբադում մնացել է նմանատիպ մեկ ուսումնական հաստատություն (Աթաթուրքի անվան 57-րդ դպրոցը)։
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ նույն պատճառով փակվել էին հարևան Ուզբեկստանում գործող թուրքական վարժարանները։