Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն անդրադարձ է կատարել Վրաստանի ու Ռուսաստանի փոխհարաբերություններին.
«Վրաստանը զգում է Ռուսաստանի կարիքը։ Կեղծիք է այն, որ Վրաստանում ասում են, թե Ռուսաստանը նրա համար ոչինչ չի նշանակում։ Ռուսաստանը մշտապես եղել է, կա և կլինի Վրաստանի կարևորագույն հարևանը։
Վրաստանի կարևորագույն խնդիրների, այդ թվում նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի լուծման բանալիները գտնվում են հենց Մոսկվայում։
Այնուամենայնիվ, մոտակա 2-3 տարիներին երկու երկրների փոխհարաբերությունները չեն բարելավվի»։
Շևարդնաձեն նաև «կասկածելի» է որակել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Միացյալ Կովկասի ստեղծման գաղափարը։
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Շևարդնաձեն Սաակաշվիլիին խորհուրդ էր տվել անձնական հանդիպում խնդրել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևից.
«Դա Վրաստանի խնդիրների լուծման միակ ճանապարհն է: Ռուսաստանը շատ ազդեցիկ երկիր է, որպեսզի որևէ մեկը կարողանա նրա վրա ճնշում գործադրել` հօգուտ Վրաստանի: Եթե ես լինեի Վրաստանի նախագահը, ապա կմեկնեի Մոսկվա և կհասնեի Մեդվեդևի հետ անձնական հանդիպմանը: Ես Ռուսաստանը չէի լքի այնքան ժամանակ, քանի դեռ չէր կայանա այդ հանդիպումը:
Հենց Ռուսաստանը կարող է հանդիսանալ Վրաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը: Ճիշտ է` այսօր Մեդվեդևը չի ցանկանում հանդիպել Սաակաշվիլիի հետ, սակայն այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել:
Պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ անգամ Հաագայի դատարանը չցանկացավ քննել Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցը: Դա ևս մեկ անգամ խոսում է աշխարհի վրա Մոսկվայի ունեցած ազդեցության մասին, և Վրաստանը ստիպված է հաշտվել դրա հետ»:
Դրանից օրեր անց էլ Շևարդնաձեն հայտարարել էր, թե Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար կպահանջվի 10-12 տարի:








































